«Ջերմուկ»-ի և մրգերի արտահանման հետ կապված խնդիրներ չկան․ Գևորգ Պապոյան

«Ջերմուկ» հանքային ջրի և մրգերի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին մայիսի 13-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ խնդրահարույց խմբաքանակը, որին հղում է արել ռուսական կողմը, շատ փոքր ծավալ է կազմում դեպի Ռուսաստան «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման ընդհանուր մասնաբաժնում։ «Դրանից հետո Հայաստանն այդ ծավալից տասնյակ անգամներ ավելի է արտահանում և կշարունակի արտահանել։ Խնդիրներ չկան, մենք միլիոնավոր շշեր ենք արտահանել», – նշել է Պապոյանը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներում ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն կարող լինել։ Նախարարը հավելել է, որ այս տարի Հայաստանը ավելի մեծ ծավալներով սպիրտ և կոնյակի սպիրտ է արտահանում, քան նախորդ տարի։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի։ «Արտահանվող մրգերը գնում են, ջերմոցային արտադրանքը գնում է, խնդիրներ չկան, և մենք աշխատում ենք, որ դրանք չլինեն», – եզրափակել է Գևորգ Պապոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *