Մասիս-Էջմիածին խճուղում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել է 9 մարդ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասին։

Մայիսի 11-ի գիշերը, ժամը 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։ 

Հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ 

Քրեական ոստիկանության Արարատի մարզի և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ։ Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են ներկայացվել վիճաբանության ևս վեց մասնակից։

Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել էր, որ վիճաբանությունն ու ծեծկռտուքը տևել է 40-50 րոպե, և այդ ընթացքում ոչ մի ոստիկան չի ժամանել դեպքի վայր։ Ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 15 մարդ, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *