Հորմուզի նեղուցի մինչև տարեվերջ փակ մնալու դեպքում Եվրոպան կբախվի կերոսինի, նավթայի (նավթավերամշակման արգասիք) և մազութի դեֆիցիտի հետ։ Այս մասին են վկայում նիդերլանդական Rabobank-ի իրականացրած հետազոտության տվյալները։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով կաթվածահար է եղել Հորմուզի նեղուցի երթևեկությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել նավթի արդյունահանման և արտահանման ոլորտում։ Լինելով Պարսից ծոցի էներգակիրների՝ դեպի համաշխարհային շուկա դուրս բերման առանցքային ուղին՝ նեղուցի փակումը շղթայական թանկացումներ է առաջացրել վառելիքի և արդյունաբերական արտադրանքի միջազգային շուկաներում։
Բանկի վերլուծության համաձայն՝ եթե Հորմուզի նեղուցը չբացվի մինչև տարեվերջ, Եվրոպայի վառելիքային պաշարները կսպառվեն, ինչը կհանգեցնի կերոսինի, նավթայի և մազութի սպառման անխուսափելի ու կտրուկ անկմանը։
Զեկույցի համաձայն՝ մինչև մայիսի վերջ Եվրոպայում վառելիքի քանակական դեֆիցիտ չի կանխատեսվում, սակայն գների աճն անխուսափելի է։ Նիդերլանդների պարագայում ևս, մատակարարման համաշխարհային շղթաների խաթարումը կհանգեցնի ոչ թե էներգակիրների բացակայության, այլ նախևառաջ առևտրային միջավայրի վատթարացման, գնաճի թռիչքի և բնակչության իրական եկամուտների նվազման։
«Ավելի զգալի տնտեսական հետևանքներ պետք է սպասել առանձին ոլորտներում՝ ավիացիայում, լոգիստիկայում, ինչպես նաև ագրոարդյունաբերական համալիրի այն հատվածներում, որտեղ արտահանվող արտադրանքի զգալի ծավալները փոխադրվում են օդային տրանսպորտով», – նշվել է ուսումնասիրության մեջ։