Իրանի հետ կապ ունեցող գազատար նավը կարողացել է շրջանցել ԱՄՆ-ի շրջափակումը

Հեղուկացված նավթային գազերի տեղափոխման համար նախատեսված գազատար նավը, որը նախկինում բեռներ էր փոխադրում Իրանից, կարողացել է շրջանցել իրանական նավահանգիստների դեմ սահմանված ամերիկյան շրջափակումը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով մոնիտորինգային ռեսուրսների տվյալներին։

Պանամայի դրոշով նավարկող Tara Gas-ին հաջողվել է հատել ամերիկյան շրջափակման գոտին, որը ձգվում է Իրան-Պակիստան սահմանից մինչև Արաբական թերակղզու ամենաարևելյան ծայրակետը՝ Օմանի Էլ-Հադդ հրվանդանը։ Ամերիկյան կողմը նախկինում թիրախավորել է այս սահմաններից դուրս գտնվող նավերը, սակայն նավապետների համար այս գիծը շարունակում է մնալ որպես անվտանգության յուրօրինակ կողմնորոշիչ։

Այս պահին Tara Gas-ը Արաբական ծովով ընթանում է դեպի հարավ-արևելք։

Ըստ գործակալության տվյալների՝ Tara Gas-ը նախկինում զբաղվել է իրանական հեղուկացված գազի փոխադրմամբ։ Նավի սեփականատերը Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Global Gas Inc. ընկերությունն է։

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) փոխանցմամբ՝ շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապ ունեցող 62 առևտրային նավ, որոնք ընթանում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ հակառակ ուղղությամբ։

CENTCOM-ը նաև հայտնել է, որ այդ ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերը կանխել են իրանական նավահանգիստներից դուրս եկող տասնյակ լցանավերը։ Այդ նավերը կարող էին արտահանել ավելի քան 166 միլիոն բարել նավթ, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 13 միլիարդ դոլարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *