Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Պեկին: Վերջին 9 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահն առաջին անգամ է պետական այցով ժամանել Պեկին։
Նախագահական օդանավը վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում։
Թրամփի եռօրյա այցը կտևի մայիսի 13-ից 15-ը. ծրագրված են բացառապես մայրաքաղաքային հանդիպումներ, այլ քաղաքներ այցելությունների մասին չի հաղորդվում։
Սպիտակ տան տարածած ժամանակացույցի համաձայն՝ չորեքշաբթի օրը Պեկինում ԱՄՆ նախագահի համար միջոցառումներ նախատեսված չեն։ Հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ամերիկյան առաջնորդին կընդունի Ժողովրդական համագումարների դահլիճում, որտեղ 10:15-ին նրանք կանցկացնեն երկկողմ հանդիպում։ Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները ժամը 18:00-ին կմասնակցեն պաշտոնական բանկետի։
Ուրբաթ օրը՝ ժամը 11:30-ին, Թրամփն ու Սի Ծինփինը կունենան համատեղ լուսանկարահանում, որին՝ 11:40-ին կհաջորդի համատեղ թեյախմությունը, իսկ 12:15-ին՝ երկկողմ ճաշը, որից հետո Թրամփը հետ կվերադառնա Վաշինգտոն։