Մայիսի 28-ի շքերթից հետո ռազմական տեխնիկան կմնա Երևանում․ Նիկոլ Փաշինյան

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք շքերթից հետո ռազմական տեխնիկան ամբողջ օրը շարված կլինի Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի մարդիկ տեսնեն և հպարտանան նոր բանակով։ Այդ մասին մայիսի 13-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայում երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հավելել է, որ այսօր Հայաստանն ունի նոր որակի բանակ՝ նոր զինատեսակներով ու նոր տրամաբանությամբ։ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է մայիսի 28-ին գալ Հանրապետության հրապարակ և ամեն ինչ սեփական աչքերով տեսնել։ Իշխող կուսակցության առաջնորդը վերահաստատել է, որ իշխանությունների ամենամեծ ձեռքբերումը խաղաղության հաստատումն է, որի թշնամին, ըստ նրա, «պատերազմի եռագլուխ կուսակցությունն» է։ «2018 թվականին Պատերազմի եռագլուխ կուսակցությունը 23 գլուխ ա ունեցել։ Էդ 23 գլուխները սենց հերթով կտրելով եկել ենք ու մնացել է 3 գլուխ և առաջիկա ընտրություններում մենք իրար հետ պետք է այդ երեք գլուխը կտրենք»,- նշել է արձակուրդում գտնվող վարչապետը։

Նա պարզաբանել է, որ ներկայիս խորհրդարանական ընտրությունների տրամաբանությունը տարբերվում է 2021 թվականի արտահերթ ընտրությունների տրամաբանությունից։ «2021 թվականին մենք եկանք և հայտարարեցինք, որ ապագա կա, իսկ այսօր եկել ենք ասելու, որ ապագան եկել է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ։ 2018 թվականից ի վեր Արագածոտնի մարզում իրականացվել են 300 մլն դոլարի ծրագրեր։ Այսօր Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաներն ու կենսաթոշակառուները կարող են օգտվել բժշկական ապահովագրության ծրագրից։ Կառուցվել են ճանապարհներ, հրապարակներ, մարզադահլիճներ, բարեկարգվել են փողոցներն ու բակերը։ Այսօր կան զինծառայողներ, որոնք ստանում են 700 հազար դրամ աշխատավարձ։ Այս ամենը հենց ապագան է», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է, 2018-ից մինչև 2025 թվականը պետական բյուջեն ավելացել է 6,6 մլրդ դոլարով, իսկ 2017 թվականից՝ 135%-ով։ «Այս փողերը նախկինում գնում էին եռագլուխ պատերազմի կուսակցության գրպանները։ Նրանք դուրս են եկել վերջին ճակատամարտին, բայց պարտվելու են, քանի որ ժողովրդի դեմ շանս չունեն», – վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 13-ին նախընտրական քարոզարշավ է անցկացնում Արագածոտնի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչներն ու համախոհները առավոտից քարոզարշավ են անցկացրել Արագածում, Ապարանում, Ալագյազում, Ծաղկահովիտում, Մաստարայում և այլ բնակավայրերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *