Լոնդոնում կայացած «AI in Tax Forum» միջազգային հարթակում Հայաստանը ներկայացավ ոչ թե որպես հյուր, այլ որպես փորձ կիսող կողմ։ «Ի-Մարկ» ընկերությունը ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ներդրված թվային հետագծելիության համակարգը, որը հիմնված է արհեստական բանականության վրա։
Համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել ապրանքաշղթաներին, վաղ փուլում բացահայտել ռիսկային օղակները և ապահովել տվյալների համակողմանի վերլուծություն։ Հայկական մոտեցումն ու մշակված գործիքակազմն արժանացան ոլորտային փորձագետների ուշադրությանը՝ հաստատելով, որ լուծումը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Ճանաչում բարձր մակարդակում
Ֆորումի խոսնակների շարքում էին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդական (OECD) Սոֆի Ստենբոգը և Ֆրանսիայի հարկային վարչակազմի (DGFiP) ներկայացուցիչ Վիկտուար Դահերը, ովքեր բարձր գնահատեցին հայկական փորձը։ Ֆորումին մասնակցում էին ավելի քան 200 միջազգային հեղինակավոր ներկազմակերպական հարկային մասնագետներ։
Ֆորումի առանցքային ձեռքբերումը բրիտանական BCT Partners ընկերության հետ կնքված համագործակցության հուշագիրն է։ Այն հիմք է ստեղծում Մեծ Բրիտանիայում և եվրոպական շուկաներում թվային փոխակերպման համատեղ նախագծերի համար։ Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի հաuուն թվային դրոշմավորման և հետագծելիության ենթակառուցվածքը՝ այս գործընկերությունը կօգնի հայկական համակարգը համապատասխանեցնել բրիտանական կարգավորչային չափանիշներին։
Զուգահեռաբար մեկնարկել են նաև քննարկումներ ԵՄ Tobacco Products Directive (TPD)-ի տեխնիկական պահանջների հետ համատեղելիության շուրջ, ինչը կնպաստի հայկական թվային ծածկագրերի եվրոպական ճանաչմանը։
«Ի-Մարկի նպատակը մեկն է. Հայաստանը դարձնել ժամանակակից, վստահելի և տեխնոլոգիական հետագծելիության լուծումների երկիր»։
Լոնդոնյան ֆորումին մասնակցությունը ռազմավարական քայլ է այդ նպատակի ճանապարհին՝ հիմք նախապատրաստելով Հայաստանը միջազգային շուկաներում որպես վստահելի տեխնոլոգիական արտահանող ներկայացնելու համար։