ԻՔՄ-ն մինչև կես մլն դրամ պարգև է խոստանում դպրոցականներին ստիպողաբար ՔՊ-ի հանրահավաքին տանելու տեղեկության համար

Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորումից»(ԻՔՄ) ՀԿ-ի համահիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ դիտորդ»  դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։

Հավելեմ, որ «Անկախ դիտորդ» դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։

Հետևաբար, եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների դասատուներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» մինչև կես միլիոն դրամ պարգև կստանա։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 13–ին, Արագածոտնի մարզում ՔՊ–ի քարոզարշավին ավտոբուսներով բերել էին մարզի բնակավայրերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, ընդ որում, դասի ժամին։ Ուսուցչուհիներից մեկը NEWS.am–ի հետ անկեղծացել էր, որ հանուն  Նիկոլ Փաշինյանի դասերը կրճատել են։

Սրան արձագանքել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։

ԿԸՀ–ն էլ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով գործել Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *