Պենտագոնը մտադիր է հայտարարել շրջանակային համաձայնագրերի կնքման մասին, որոնք գերատեսչությանը թույլ կտան ձեռք բերել ավելի քան 10 հազար մատչելի հրթիռներ՝ բեռնարկղային տարբերակով, երեք տարվա ընթացքում՝ սկսած 2027 թվականից:
Հայտարարության մեջ, որին Reuters գործակալությունը ծանոթացել է մինչ դրա պաշտոնական հրապարակումը, նշվում է, որ համաձայնագրերը կնքվել են Anduril, CoAspire, Leidos և Zone 5 ընկերությունների հետ: Նրանք համատեղ կգործարկեն «Մատչելի բեռնարկղային զինամթերքի» (LCCM — Low-Cost Containerized Munitions) ծրագիրը:
Սկսած 2026 թվականի հունիսից՝ Պենտագոնը բոլոր չորս ընկերություններից հրթիռների փորձնական նմուշներ կգնի:
Հայտարարության մեջ չեն բացահայտվում սպառազինության համակարգերի արժեքը կամ կոնկրետ տեսակները, սակայն նշված է, որ համաձայնագրերը սահմանում են պայմաններ՝ հաստատուն ֆիքսված գնով սերիական արտադրության ապագա պայմանագրերի համար:
ԱՄՆ բանակը վաղուց է առաջ մղում բեռնարկղային սպառազինության համակարգերը՝ որպես հրթիռների տեղակայման բյուջետային և շարժունակ միջոց՝ օգտագործելով ստանդարտ ծովային բեռնարկղեր:
Առանձին համաձայնագիր է կնքվել Castelion պաշտպանական ստարտափի հետ: Ծրագիրը նախատեսում է երկամյա պայմանագրի ստորագրում՝ տարեկան առնվազն 500 Blackbeard («Սև մորուս») հրթիռների գնման համար, որն ընկերության առաջին գերձայնային հարվածային զենքն է, այն բանից հետո, երբ Castelion-ը կավարտի փորձարկումների և վալիդացման փուլը:
Ըստ հայտարարության՝ Պենտագոնը լիազորություններ և բյուջետային հատկացումներ է հայցում հինգ տարվա ընթացքում ավելի քան 12 հազար Blackbeard հրթիռներ գնելու համար:
Պաշտպանության նախարարի տեղակալ գնումների և նյութատեխնիկական ապահովման գծով Մայքլ Դաֆին (Պենտագոնի գլխավոր գնորդը) նշել է, որ այս համաձայնագրերը ցույց են տալիս ԱՄՆ-ի դուրս գալը ավանդական «հիմնական» կապալառուների շրջանակից՝ արդյունաբերական բազան ընդլայնելու համար: Ըստ նրա՝ դա «հստակ և երկարաժամկետ ազդակ է հաղորդում նորարարական նոր խաղացողներին պահանջարկի վերաբերյալ»: