Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

Մարտի 23-ին աշխարհում նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը։ 2026 թվականի օրվա թեման է՝ «Այսօր դիտարկելով՝ կարող ենք պաշտպանել վաղվա օրը»

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հիշեցնում է, թե ինչ ջանքեր են գործադրվում յուրաքանչյուր օր պատասխանելու համար պարզ հարցի՝ ինչպիսի՞ եղանակ է լինելու։ Յուրաքանչյուր կանխատեսման հետևում միլիոնավոր իրականացված դիտարկումներ են, որոնք մշակվում են հազարավոր գործընթացների միջոցով։ Կանխատեսումների համար անհրաժեշտ են դիտարկումներ ամբողջ մոլորակից։

WMO-ն նշում է, որ դիտարկման և կանխատեսման հսկայական համակարգը տնտեսության հիմքն է․ «Այն կենտրոնական նյարդային համակարգն է, որը պատասխանատու է վաղ նախազգուշացումների համար, որոնք փրկում են միլիոնավոր կյանքեր։ Յուրաքանչյուր տնտեսական որոշում, ենթակառուցվածքային ներդրում, գյուղատնտեսական, առողջապահական, ջրային ռեսուրսների և էներգիայի կառավարման ծրագիր կախված է WMO-ի գլոբալ դիտարկումների և կանխատեսումների համակարգից։ Ծայրահեղ եղանակային պայմանները մշտապես գնահատվում են որպես ամենամեծ երկարաժամկետ ռիսկ։ Վտանգավոր եղանակային ծայրահեղ երևույթները 1970-2021 թվականներին առաջացրել են մոտ 4,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական կորուստներ և խլել գրեթե 2 միլիոն մարդու կյանք։ Վաղաժամ նախազգուշացումները շքեղություն չեն, այլ՝ անհրաժեշտություն։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ նման ծառայությունների համընդհանուր հասանելիությունը կարող է տարեկան կանխել առնվազն 13 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվների կորուստ և 22 միլիարդ դոլարի բարեկեցության կորուստ։ Միայն 24 ժամ առաջ տրված նախազգուշացումը կարող է նվազեցնել փոթորկի կամ ջերմային ալիքի վնասները մինչև 30%»։

Գլոբալ ռիսկերը մեծանում են ջերմաստիճանի բարձրացման պայմաններում։ Վերջին 11 տարիները եղել են ամենատաքը։ Ջերմոցային գազերի ռեկորդային աճը կշարունակի բարձրացնել ջերմաստիճանը նաև ապագա սերունդների կյանքի ընթացքում։

Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկիր է։ Կանխատեսվում է, որ մինչև 2050-ական թվականը ջերմաստիճանը կբարձրանա 2,8 °C-ով։ Ջերմաստիճանի աճին զուգահեռ մինչև դարի վերջ տեղումների քանակը կարող է նվազել մինչև 8,3 %-ով։ Եթե համաշխարհային մակարդակում չկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները, ապա մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 5 °C-ով։

2025 թվականի դեկտեմբերի 25-ի նիստում գործադիրը հաստատեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը»։

ԱՍՀ 3.0 իրականացման արդյունքում ակնկալվում է ջերմոցային գազերի արտանետումները զսպել 11,404 Գգ CO₂ համարժեք մակարդակում կամ 1990 թվականի նկատմամբ կրճատել 44% – ով:

Լուսանկարը՝ WMO

Մարտ 24, 2026 at 13:48

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *