
Վերջին ամիսների քաղաքական պայքարի ընթացքում նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանի հանրային կերպարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Եթե նա հանրության կողմից ընկալվել է որպես կոշտ, խիստ, ոչ էմոցիոնալ, ինչու չէ` նաև դաժան առաջնորդ, ապա ներկայիս քարոզարշավում նա փորձում է ներկայանալ ավելի մարդկային կերպարով։ Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից սա բնական գործընթաց է․ քաղաքական գործիչները փորձում են ոչ միայն ծրագրեր ներկայացնել, այլ նաև ձևավորել մարդկային ու հոգեբանական կապ հասարակության հետ։ Այդ առումով Քոչարյանի ներկայիս հրապարակային վարքագծում նկատվում են մի քանի կարևոր փոփոխություններ։
Ավելի անմիջական ու էմոցիոնալ շփում քաղաքացիների հետ
Վերջին հանդիպումների ընթացքում Քոչարյանը հաճախ նախընտրում է ոչ միայն պաշտոնական ելույթներ ունենալ, այլ քաղաքացիների հետ հարցուպատասխան, անմիջական զրույցներ: Աշտարակում կայացած հանդիպման ժամանակ նա հատուկ շեշտել էր, որ ցանկանում է «իրական տրամադրությունները շոշափել»՝ մարդկանց հետ ուղիղ շփման միջոցով։ Նրա քարոզարշավից հրապարակված տեսանյութերում երևում է, որ նա քայլում է մարդկանց մեջ, լսում նրանց դժգոհությունները, զրուցում տարեցների, երիտասարդների և գյուղացիների հետ։ Գեղարքունիքի մարզի հանդիպումների ժամանակ բնակիչները ոչ միայն քաղաքական հարցեր էին բարձրացնում, այլ նաև անձնական վերաբերմունք արտահայտում նրա մասին։
Երիտասարդների և երեխաների հետ շփումների ընդգծում
Քարոզչական նյութերում հատկապես ուշադրություն է դարձվում երիտասարդների ու երեխաների հետ շփումներին։ Վերջին օրերին լայն տարածում ստացավ մի դրվագ, որտեղ Գեղամասարի երեխաները մոտենում են Քոչարյանին և խնդրում միասին լուսանկարվել․ «Պարոն նախագահ, կարա՞նք նկարվենք»։ Բացի այդ, երիտասարդների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում նա ավելի հանգիստ ու բաց տոնով է խոսում՝ փորձելով ներկայանալ ոչ միայն որպես նախկին ղեկավար, այլ նաև որպես փորձառու քաղաքական գործիչ, ով պատրաստ է լսել նոր սերնդին։ Քարոզարշավներից մեկի ժամանակ էլ Քոչարյանի գրկում հայտնվեց մի արցախցի երեխա և ասաց, որ ուզում է Ղարաբաղ գնալ: Նախագահը փոքր ինչ հուզված ասաց. «Ես էլ եմ ուզում Ղարաբաղ գնալ, բալիկ»:
Խիստ առաջնորդի կերպարը փոխվե՞լ է
Չնայած նկատվող փոփոխություններին, դժվար է ասել, որ Քոչարյանի նախկին խիստ ու ուժեղ առաջնորդի կերպարն ամբողջությամբ վերացել է։ Նրա քաղաքական հռետորաբանության մեջ շարունակում են մնալ կոշտ գնահատականներ, սուր քննադատություն, ուժեղ առաջնորդի շեշտադրումներ։ Սակայն ակնհայտ է, որ ներկայիս քարոզարշավում փորձ է արվում այդ կերպարին ավելացնել ավելի մարդկային բաղադրիչներ՝ ժպիտներ, երեխաների հետ շփումներ, քաղաքացիների հետ անմիջական զրույցներ, մարզային այցելությունների ժամանակ ոչ պաշտոնական մթնոլորտ։ Կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս քաղաքական կերպարը փորձում է համատեղել երկու տարբեր գծեր՝ նախկին ուժեղ և խիստ ղեկավարի իմիջը և ավելի բաց, մարդկանց հետ անմիջական հարաբերություններ կառուցող քաղաքական գործչի կերպարը։
Արդյո՞ք այս փոփոխությունը հասարակության լայն շերտերի կողմից կընդունվի որպես իրական կերպարանափոխություն, թե պարզապես քարոզչական նոր մոտեցում՝ դա արդեն կախված է ընտրողների ընկալումից և հետագա քաղաքական զարգացումներից։