Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Ապրիլի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա ներկայացրել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ անդրադառնալով Վաշինգտոնի համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ձևավորված դրական դինամիկային, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման միտումներին:

Խորհրդակցություններն այնուհետև ընթացել են ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության  պետքարտուղարի տեղակալ, Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Պիեռ-Իվ Ֆուքսի գլխավորությամբ: Խորհրդակցություններին հայկական կողմից մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական երկխոսությունը՝ երկուստեք ընդգծելով դրա շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։

Ընդգծվել է Շվեյցարիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը զարգացման համագործակցության ոլորտում՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *