ՄԻՊ-ը պահանջում է չխաթարել ուսումնական գործընթացը ընտրությունների ընթացքում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։

Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցել են նաև դպրոցների ուսուցիչներ և կոլեկտիվներ, լրատվամիջոցների հետ զրույցում որոշ ուսուցիչներ նշել էին, որ դասերը մի փոքր շուտ են ավարտել, որպեսզի ներկա լինեն իշխող ուժի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *