ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաղթահարել է առանցքային արգելքը՝ Ուկրաինային նոր օգնություն տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը քվեարկության դնելու համար՝ չնայած հանրապետական ղեկավարության դիմադրությանը, հայտնում է Reuters-ը։
Հանրագիրը հավաքել է անհրաժեշտ 218 ստորագրությունը, ինչը օրենսդիրներին հնարավորություն կտա նախաձեռնությունն ուղղակիորեն դնել պալատի քննարկմանը՝ շրջանցելով խոսնակ Մայք Ջոնսոնին և Հանրապետական կուսակցության ղեկավարությանը։
Վճռորոշ ստորագրությունը դրել է Կալիֆոռնիայի ներկայացուցիչ Քևին Քայլին, որն ավելի վաղ լքել էր Հանրապետական կուսակցությունը և դարձել անկախ պատգամավոր։ Ակնկալվում է, որ քվեարկությունը կարող է տեղի ունեցող արդեն հունիսի սկզբին։
Այդ քայլը դարձավ նկատելի քաղաքական մարտահրավեր Դոնալդ Թրամփի և նրա դաշնակիցների որդեգրած գծին, որոնցից շատերը, Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, զգալիորեն սառել են Կիևին աջակցելու հարցում։
Դեմոկրատ Գրեգորի Միքսի ներկայացրած օրինագիծը ներառում է երեք առանցքային բլոկ.
-
Ուկրաինային և ՆԱՏՕ-ին աջակցության վերահաստատում.
-
ավելի քան 1 միլիարդ դոլարի ուղղակի ռազմական օգնություն Ուկրաինային, գումարած մինչև 8 միլիարդ դոլարի վարկեր.
-
լայնածավալ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ներառյալ սահմանափակումներ ֆինանսական հատվածի, էներգետիկայի, արդյունահանող արդյունաբերության և ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ։
Փաստաթուղթը նախատեսում է նաև Ուկրաինայի վերականգնման հարցերով հատուկ համակարգողի պաշտոնի ստեղծում։
2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինան պահպանում է զգալի երկկուսակցական աջակցություն Կոնգրեսում, սակայն Հանրապետական կուսակցության ներսում տարաձայնությունները սրվել են, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը շեշտը դրեց ԱՄՆ արտաքին պարտավորությունների կրճատման վրա։
Discharge petition-ի օգտագործումը պատմականորեն համարվել է հազվադեպ գործիք, սակայն Ներկայացուցիչների պալատում հանրապետականների չափազանց փոքր մեծամասնության պայմաններում այդ մեխանիզմը դառնում է ավելի ու ավելի գործուն միջոց՝ կուսակցական ղեկավարությանը շրջանցելու համար։