Թրամփի վարչակազմը կասեցնում է այն պահանջը, որով որոշակի երկրների օտարերկրյա այցելուները պետք է վճարեին մինչև 15 հազար դոլար գրավ, եթե նրանք Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի հաստատված տերեր են։ Դրա մասին Պետքարտուղարությունը հայտնել է Associated Press գործակալությանը:
Ավելի վաղ գերատեսչությունը գրավի մուծման պահանջ էր սահմանել այն երկրների քաղաքացիների համար, որտեղ, ըստ իր տվյալների, նկատվել էր վիզաների ժամկետների խախտման բարձր մակարդակ (կացության ժամկետի գերազանցում), ինչպես նաև առկա էին անվտանգությանն առնչվող այլ խնդիրներ։ Այդ միջոցը վարչակազմի՝ ներգաղթային վերահսկողության խստացմանն ուղղված ավելի լայն արշավի մի մասն էր։
Այդ որոշումը ներկայիս վարչակազմի կառավարման շրջանում ներգաղթային պահանջների մեղմացման հազվադեպ դեպքերից է։
«Մենք չեղարկում ենք վիզային գրավները որակավորված երկրպագուների համար, որոնք Աշխարհի առաջնության տոմսեր են ձեռք բերել»,- հայտարարել է հյուպատոսական հարցերով պետքարտուղարի օգնական Մորա Նամդարը:
Մեղմացումը վերաբերում է նրանց, ովքեր օգտվել են FIFA Pass համակարգից, որը հնարավորություն է տալիս ապրիլի 15-ից սկսած արագացված կարգով անցնել վիզայի ստացման հարցազրույցները։
Վիզային գրավն օգտագործվում էր որպես ֆինանսական երաշխիք այն բանի, որ օտարերկրացին վիզայի գործողության ժամկետի ավարտից հետո կլքի Միացյալ Նահանգների տարածքը: