«Շուն ու շանգյալն» օրինականացվեց. ԿԿՀ-ն արդարացրեց Փաշինյանին

Հայաստանի հակակոռուպցիոն մարմինները հերթական ստորացուցիչ հարվածը ստացան։ Մասնավորապես՝ ԿԿՀ-ն՝ Մարիամ Գալստյանի գլխավորությամբ, 2026 թվականի մայիսի 8-ին կայացրեց մի ամոթալի որոշում, որով պաշտոնապես մերժեց վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, ով Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական մրցակիցներին և նրանց ընտրողներին անվանել էր «շուն ու շանգյալ»։

Պետական բարձրագույն ամբիոնից հնչած փողոցային, հազարավոր մարդկանց վիրավորող խոսքը սրբագրելու համար հակակոռուպցիոն մարմինը հյուսել է 18 էջանոց որոշում։ Այդ ծավալուն «գլուխգործոցի» միակ նպատակն է՝ հանրությանը համոզել, որ երկրի ղեկավարի շուրթերից հնչած ցինիզմը դատապարտելի բան չի պարունակում, նորմալ է։

Հանձնաժողովի քառյակը՝ Մարիամ Գալստյան, Արամայիս Փաշինյան, Արմեն Մարուխյան, Եփրեմ Կարապետյան, այս որոշմամբ ջնջեց հանրային ծառայողի էթիկայի և վարքագծի մասին բոլոր պատկերացումները։ Փոխանակ քննարկելու «Հանրային ծառայության մասին» օրենքի և իր իսկ կողմից ընդունված Վարքագծի կանոնագրքի բացահայտ ոտնահարումը, հանձնաժողովն անցավ իրավական ակրոբատիկայի՝ օրենքը դարձնելով իր ձեռքին խաղալիք։

Ողջամիտ կասկած կա, որ հանձնաժողովը ոչ թե իրավական վերլուծություն, այլ քաղաքական պատվեր է կատարել։

Այսպիսով, ԿԿՀ-ն իր որոշմամբ արձանագրեց՝ բարձրաստիճան պաշտոնյաներին այսուհետ պաշտոնապես թույլատրված է քաղաքացիներին և ընդդիմադիրներին կոչել կենդանիների անուններով։ Սա ապացուցում է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է ոչ թե հանուն հանրային շահի, այլ հանդես է գալիս որպես վարչապետի փաստաբան։

Ընդգծենք նաև, որ «Շուն ու շանգյալ» արտահայտության իրավական սրբագրումը բացառություն չէ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հանձնաժողովը ստիպված է լինում քննել գործադիրի ղեկավարի բառապաշարն ու վարքագիծը։

Հիշենք ամենաթարմ օրինակներից մեկը, երբ մոտավորապես երկու ամիս առաջ մետրոում Փաշինյանը տեսախցիկների առջև բացահայտ կոշտ հանդիմանանքով դիմեց արցախցի կնոջը՝ ասելով. «Փախել եք, եկել… չհամարձակվեք ասել՝ Ղարաբաղը տվել եմ»։ ԿԿՀ-ն այս առիթով հայտարարեց, թե «ուսումնասիրում է մամուլի հրապարակումները»։ Անշուշտ մինչ օրս ուսումնասիրում է, քանի որ նման դեպքերը կա՛մ ավարտվում են վարույթի հարուցումը մերժելով, կա՛մ անաղմուկ կարճվում են, կա՛մ 18 էջանոց արդարացման որոշմամբ։

Կարճ ասած՝ Մարիամ Գալստյանն ու իր թիմը ստորագրեցին մի որոշում, որը մնալու է որպես մեր ամոթի խարան։ Երբ կոռուպցիա դատապարտող գլխավոր կառույցը սրբագրում է վարչապետի «շուն ու շանգյալ» արտահայտությունը, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը կորցնում է լրջությունը։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *