Թուրքիան քայլ է արել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը գործարարներին ծանուցել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը, հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն։
Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս կարող է սա նպաստել հայ-թուրքական կարգավորմանը։
Թեման պարզաբանել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մինչ օրս Հայաստանից Թուրքիա կամ հակառակ ուղղությամբ առևտուրը տեղի էր ունենում միջնորդավորված։ Օրինակ՝ Հայաստանից Թուրքիա գնացող ապրանքը նախ պետք է արտահանվեր երրորդ երկիր՝ Վրաստան, Իրան կամ ՌԴ, հետո այնտեղից վերաարտահանվեր Թուրքիա և հակառակը։ Այսինքն՝ փաստաթղթում նշվում էր այն երկրի անունը, որով անցնելով՝ ապրանքը գալիս էր Հայաստան։
«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում։ Հիմա նրանք դա ձևակերպում են ուղիղ, առաքման երկիր նշվում է Հայաստանը»,- մայիսի 12-ին պարզաբանել է Փաշինյանը։
Ենթադրելի է, որ սա նվեր է Փաշինյանին։ Թուրքիան չի թաքցնում իր համակրանքը Փաշինյանի նկատմամբ։ Բնականաբար՝ ՔՊ-ն ակնկալում էր, որ Թուրքիան լուրջ քայլ կանի հունիսի 7-ից առաջ, աջակցություն կցուցաբերի Փաշինյանին, կբարձրացնի ՔՊ-ի վարկանիշը, կապացուցի, որ ՔՊ-ականները դատարկախոս չեն, նրանց ջանքերը հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ արդյունք են տալիս։
Հայ-թուրքական կարգավորման ռեալ ակնկալիքը հայ-թուրքական սահմանի բացումն է և ճանապարհների գործարկումը։ Այս ուղղությամբ ռեալ առաջընթաց չկա։ Վերը նշված օրենսդրական փոփոխությունը իրականում ոչինչ չի փոխում, քանի որ Հայաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքները կրկին անցնելու են երրորդ երկրներով։ Պարզապես հիմա փաստաթղթերում կարող է ուղիղ նշվել, որ առաքման երկիրը Թուրքիան է կամ Հայաստանը։ Այս առումով՝ վերը նշված փոփոխությունը նման է կոնֆետի թղթի։ Պատկերավոր ասած՝ Թուրքիան կոնֆետի թուղթ է նվիրել և հույս ներշնչել, որ որոշ ժամանակ անց նաև կոնֆետը կտա։
Փորձագետները կարծիք են հայտնում, որ հայ-թուրքական կարգավորման հարցում առաջընթացն ունի երկու առարկայական պայման։
Առաջին պայմանն այն է, որ հայ-թուրքական սահմանի բացումն ուղղակի կապ ունի ՀՀ-ԵՄ ինտեգրման հետ։ Երբ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնի, դրանից հետո սահմանը բացելը կդառնա օրակարգային հարց։ Թուրքիան ԵՄ մաքսային միության անդամ է և չի կարող սահմանը փակ պահել ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրած Հայաստանի դեմ։
Երկրորդ պայմանը ռուսական ռազմական ներկայությունն է։ Ճիշտ է՝ 2002 թվականից ռուս-թուրքական ռազմական համագործակցությունն ակտիվացել է, Թուրքիան ՌԴ կարևոր գործընկերն է տարածաշրջանում, սակայն Արևմուտքի և ԵՄ-ի նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները թույլ չեն տալիս սահման բացել այն Հայաստանի առաջ, որը Փաշինյանը վերածել է ռուսական ազդեցության գոտու։ Հետևապես՝ ենթադրելի է, որ երբ Հայաստանից դուրս կհրավիրվեն ռուսական զորքերը, հաջորդ օրն իսկ հայ-թուրքական սահմանի բացումը կդառնա իրական օրակարգի հարց։ Թուրքիան հիմք չի ունենա սահմանը փակ պահելու անկախ Հայաստանի առաջ, որտեղ ռուսական զորքեր ու դրանցով հիմնավորված ազդեցություն չկան։
Ասում են, թե Փաշինյանը կաշկանդված է Մոսկվային տված խոստումներով, որոնցով պարտավորվել է ռուսական շահերի դեմ ոչինչ չանել։ Դրա համար նա ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացնում ու դուրս չի հրավիրում ռուսական զորքերը Հայաստանից։ Հետևաբար՝ Թուրքիան, չնայած համակրում է Փաշինյանին և ուզում է, որ նա վերընտրվի, սակայն հայ-թուրքական կարգավորման ու սահմանի բացման ուղղությամբ իրական քայլեր չի անելու։
Պարզ ասած՝ թուրքական կոնֆետի թուղթն առավելագույնն էր, ինչ կարող էր Թուրքիան այսօր նվիրել Փաշինյանին։ Իսկ ձեռքբերումն այն է, որ թուրքական ապրանք ներկրող հայ գործարարը կարող է ուրախանալ, որ Թուրքիայից Հայաստան ապրանք բերելու փաստաթղթերում այսուհետև հենց Թուրքիայում նշելու է՝ «առաքվող երկիր՝ Հայաստան», բայց ապրանքը ՀՀ բերելու է երրորդ երկրներով։
Թաթուլ Մկրտչյան