«Մարտի 1»-ի գործը բացահայտված է, 100%-ով բացահայտված է, բոլոր մանրամասներով բացահայտված է, այլ հարց է, որ մեր իրավապահ համակարգը պետք է իրավական պատասխանատվության ենթարկի պարագլուխ Ռոբերտ Քոչարյանին, կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը (երկրի նախկին նախագահը, որն այժմ գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը – խմբ.) պետք է բանռ նստի։ Այս մասին մայիսի 14-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նրա խոսքով՝ քանի դեռ դա տեղի չի ունեցել, իշխանությունները չեն կարողանա որևէ մեկին համոզել, որ Հայաստանում կա արդար դատական համակարգ։ «Իմ հասցեին հնչող ամենամեծ մեղադրանքը, որին ինձ համար շատ դժվար է պատասխանել, հետևյալն է. մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ», — նշել է Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ աշխատում է առավելագույնս հեռու մնալ իրեն անձնապես առնչվող թեմաներից, քանի որ գայթակղությունը մեծ է, և միևնույն ժամանակ զգուշանում է այնպիսի մեկնաբանություններից, որոնք տպավորություն կստեղծեն, թե ինքը իշխանության է եկել իր անձնական հարցերը լուծելու համար։
«Ես ուզում եմ, որ հարցերը լուծվեն ինստիտուցիոնալ մակարդակով։ Սա հանրային գործ է՝ սկսած օլիգարխիկ խմբերից՝ ինչպես են դրանք ձևավորվել, ինչպես են բաժանվել զինվորական համազգեստները», — եզրափակել է ներկայիս իշխող կուսակցության առաջնորդը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։