Ուկրաինայի դատարանը կալանավորել է նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Երմակին

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը 60 օրով կալանավորել է Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին՝ փողերի լվացման գործով (Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մաս), հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Միևնույն ժամանակ, նրան հնարավորություն է տրվել ազատ արձակվել 140 մլն գրիվնա (3 մլն դոլար) արժողությամբ գրավի դիմաց։ Մինչև գումարի մուծումը նա կգտնվի քննչական մեկուսարանում։ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ԱՀԲ) տվյալներով՝ Երմակը կարող է առնչություն ունենալ 460 մլն գրիվնայի (ավելի քան 10 մլն դոլար) օրինականացման հետ, որոնք օգտագործվել են Կիևի մերձակայքում գտնվող Կոզին էլիտար թաղամասում «Դինաստիա» քոթեջային ավանի շինարարության համար։ Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում և գույքի բռնագրավում։

Երմակը կրկին մերժել է մեղադրանքները և հայտարարել, որ կբողոքարկի դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ ինքը գրավի համար անհրաժեշտ գումարը չունի և գումար կփնտրի «ընկերների և ծանոթների շրջանում»։ «Ես մնում եմ Ուկրաինայում։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ», — հավելել է Երմակը։ Գրավի վճարման դեպքում նրան կպարտավորեցնեն կրել էլեկտրոնային թևնոց և հանձնել արտասահմանյան ու դիվանագիտական անձնագրերը։ Բացի այդ, նրան կարգելվի լքել Կիևը և կապ հաստատել գործով անցնող մի շարք անձանց ու վկաների հետ։

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԴ) մայիսի 11-ին կասկածյալի կարգավիճակ են տվել Երմակին։ Հաջորդ օրը գործում ներգրավվել է ևս վեց անձ, որոնց թվում են նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը և նախագահին մոտ կանգնած գործարար Տիմուր Մինդիչը։ Ըստ քննության վարկածի՝ 2021-2025 թվականներին նրանք փողեր են լվացել Կիևի մերձակայքում գտնվող շուրջ 8 հեկտար տարածքի վրա մասնավոր առանձնատների և սպա-կենտրոնի շինարարության միջոցով։

Ըստ ՈւԱՀԲ-ի հայտարարության՝ Երմակն անօրինական եկամուտներից վճարել է այն տան կառուցման համար, որտեղ նախատեսում էր բնակվել ապագայում։ «Դինաստիա» համալիրում գտնվող 1000 քառակուսի մետր մակերեսով նստավայրի կառուցման արժեքը գնահատվել է մոտ 2 միլիոն դոլար։

ՈւԱՀԲ-ն ենթադրում է, որ շինարարության ֆինանսավորման աղբյուր կարող էին հանդիսանալ «Էներգոատոմ» ընկերությունից կոռուպցիոն մեքենայությունների միջոցով դուրս բերված միջոցները։ Այս ընկերությունը կառավարում է Ուկրաինայի բոլոր ատոմակայանները։ Գործողությունները քննվում են աշնանը հարուցված առանձին վարույթի շրջանակներում և հանդիսանում են «Միդաս» գործողության մասնիկը։

Երմակը երկար ժամանակ համարվել է պետության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան իր գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատել է 2025 թվականի նոյեմբերին։ Հենց նույն օրը ՈւԱՀԲ-ի և ՄՀԴ-ի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Երմակի մոտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *