ԱՄՆ զինված ուժերը չեղարկել են ավելի քան 4 հազար զինծառայողների տեղակայումը Լեհաստանում։ Այս մասին Defense News պորտալին հայտնել են բանակային աղբյուրները։ Ըստ նրանց՝ նախատեսվում էր երկիր տեղափոխել 1-ին հեծելազորային դիվիզիայի 2-րդ զրահատանկային բրիգադային մարտական խումբը, ինչպես նաև համապատասխան զինտեխնիկան։ Ամերիկյան բանակի ներկայացուցիչը հաստատել է տեղակայման չեղարկումը, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել՝ բոլոր հարցերն ուղղելով Պենտագոնին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր հերթին դեռևս չի պատասխանել Defense News-ի հարցմանը։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ ծրագրերի փոփոխության մասին լուրերը զինծառայողների շրջանում սկսել են տարածվել մայիսի 11-ի առավոտյան. զինվորներն այդ որոշման մասին հայտնել են իրենց հարազատներին ու ընկերներին։ Միևնույն ժամանակ, մայիսի 12-ին Կոնգրեսում բյուջետային լսումների ժամանակ ո՛չ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ո՛չ էլ բանակի շտաբի պետի տեղակալ, գեներալ Քրիստոֆեր Լանիվը չեն հիշատակել Լեհաստանում զորքերի տեղակայման չեղարկման մասին։ Դրա հետ մեկտեղ, սենատոր Ջեք Ռիդը հայտարարել է, որ տևական գործողությունների, այդ թվում՝ Վաշինգտոնում Ազգային գվարդիայի տեղակայման և սահմանի պահպանությանը ստորաբաժանումների մասնակցության պատճառով ԱՄՆ բանակն առնվազն 2 միլիարդ դոլարի բյուջետային դեֆիցիտ ունի։ Սակայն, ըստ ABC News հեռուստաալիքի ձեռքի տակ հայտնված բանակային զեկույցի, Պենտագոնի բյուջեի ճեղքվածքը շատ ավելի մեծ է և կազմում է 4-ից 6 միլիարդ դոլար։
Մինչ այս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև եղած տարաձայնությունների ֆոնին, Պենտագոնը հայտարարել էր Գերմանիայից շուրջ 5 հազար զինծառայող դուրս բերելու ծրագրերի մասին։ Արդյունքում՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը կվերադառնա այն մակարդակին, որն առկա էր նախքան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը։ Ընդ որում՝ հնարավոր էր համարվում այդ զորքերի տեղափոխումը Լեհաստան։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նշել էր, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ավելի մեծ թվով ամերիկացի զինվորների։ Նա ընդգծել էր, որ ԱՄՆ ներկայության ընդլայնումը կօգնի ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը և կապահովի Եվրոպայի պաշտպանությունը։ Այս պահին Լեհաստանում ռոտացիոն հիմունքներով տեղակայված է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող։