ԱՄՆ-ի հետախուզությունը պարզել է, որ Իրանի հետ պատերազմը շահավետ է եղել Չինաստանի համար

Չինաստանին հաջողվել է օգտվել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմարշավից՝ աշխարհում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ծանոթացել են հետախուզության գաղտնի զեկույցին։

Զեկույցին ծանոթացած երկու պետական ծառայողների փոխանցմամբ՝ հետախուզական վերլուծությունը ցույց է տվել, թե ինչպես է Չինաստանն օգտագործել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը՝ ռազմական, տնտեսական, դիվանագիտական և այլ ոլորտներում Միացյալ Նահանգների նկատմամբ առավելագույն առավելության հասնելու նպատակով։ Ռազմական հետախուզությունն այս զեկույցն ընթացիկ շաբաթ ուղարկել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին։ Պարբերականը հիշեցնում է, որ իրավիճակի այս գնահատականն ի հայտ է եկել «չափազանց զգայուն» պահի, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։

Մասնավորապես, ամերիկյան կողմի տվյալներով՝ փետրվարի 28-ին մեկնարկած ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության սկզբից ի վեր Չինաստանը զենք է վաճառել Պարսից ծոցի այն երկրներին, որոնք ենթարկվում են իրանական հարձակումների։ Բացի այդ, գործողությունը սպառել է ամերիկյան սպառազինության պաշարները, որոնք կարող էին անհրաժեշտ լինել Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության դեպքում, ինչպես նաև վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ բազաներին և սարքավորումներին։ Իր հերթին Չինաստանը հետևել է, թե ինչպես է ԱՄՆ-ը վարում զինված հակամարտությունը, և, հաշվի առնելով այդ փորձը, հնարավորություն է ստացել ինքնուրույն պլանավորել ապագա գործողությունները։

Բացի այդ, Չինաստանն օգնության ձեռք է մեկնել այն երկրներին, որոնք էներգետիկ խնդիրների առաջ էին կանգնել Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Մասնավորապես, Պեկինն աջակցել է Թաիլանդին, Ավստրալիային ու Ֆիլիպիններին՝ էներգետիկ պահանջմունքները հոգալու հարցում՝ նրանց առաջարկելով երկարաժամկետ հասանելիություն իր «կանաչ» էներգետիկ տեխնոլոգիաներին։

Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփն ավելի վաղ լուրջ խնդիրներ է կանխատեսել Չինաստանի համար (Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով), քանի որ Պեկինը մեծապես կախված է Մերձավոր Արևելքի նավթից։ Սակայն ամերիկյան հետախուզությունը եզրակացրել է, որ Չինաստանը կարողացել է դիմակայել մատակարարման ընդհատումներին (ռեսուրսների հսկայական պաշարների և վերականգնվող էներգետիկայի շնորհիվ)։

Բացի այդ, հետախուզական տվյալներով՝ չինական իշխանություններն առիթը բաց չեն թողել և օգտագործել են Իրանի դեմ ռազմական արշավից դժգոհության լայն ալիքը՝ ԱՄՆ-ին քննադատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *