ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ստիպված է եղել կիսով չափ կրճատել Սիրիային տրամադրվող անհետաձգելի մարդասիրական օգնությունը՝ ԱՄՆ-ի կողմից դրամական հատկացումների նվազման պատճառով։ Այս մասին, հղում անելով ՊՀԾ-ին, հայտնել է «Reuters» գործակալությունը։
ՊՀԾ-ի տվյալներով՝ մայիսին Սիրիա կուղարկվի ընդամենը 650 հազար դոլարի սննդամթերք, մինչդեռ նախորդ ամիս այդ թիվը կազմել է 1,3 միլիոն դոլար։ Բացի այդ, օգնությունն է տրամադրվում նաւ սիրիական 7 տարածաշրջաններում՝ նախկին 14-ի փոխարեն։ Այս ամենի հետևանքով ՊՀԾ-ն ստիպված է եղել կասեցնել Սիրիայի 300 փռերում թխվող հացի սուբսիդավորման ծրագիրը։
Միևնույն ժամանակ, կազմակերպությունն ընդգծում է, որ Սիրիայի շուրջ 7,2 միլիոն բնակիչ դեռևս ունի պարենի պակաս, ընդ որում՝ նրանցից 1,6 միլիոնը կանգնած է սովի եզրին։ Արաբական Հանրապետությանն արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար ՊՀԾ-ին հունիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է շուրջ 189 միլիոն դոլար։