Ժամանակավորապես կպարզեցվի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար:

Կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում: 

 

Որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակներում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից: 

 

Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը: 

 

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *