Փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական «Բարսելոնայից»։ Այս մասին հայտնում է լեհական Meczyki պարբերականի լրագրող Տոմաշ Վլոդարչիկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն առաջիկա կիրակի՝ մայիսի 17-ին, լեհ ֆուտբոլիստը «Կամպ Նոու» մարզադաշտում կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը՝ Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում մրցելով «Բետիսի» դեմ։
Նշվում է, որ 37-ամյա հարձակվողի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը Սաուդյան Արաբիայի առաջնությունն է, քանի որ նրա համար կարևոր են ժամային գոտին, Եվրոպայից ունեցած հեռավորությունը և կլիման։ Դիտարկվում է նաև «Չիկագո Ֆայրի» առաջարկը, սակայն այն պակաս առաջնահերթ է։ Լևանդովսկիի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև «Պորտուն», բայց այժմ խաղացողն առավելապես հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելուն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերին։
Ընդգծվում է, որ հարձակվողը կատալոնական ակումբից ստացել է նոր պայմանագրի առաջարկ, սակայն չի ընդունել այն՝ պատճառաբանելով թիմում իր նվազող դերը։ Այս դեպքում ֆինանսական կողմը Ռոբերտի համար առաջնային չէ. նա ցանկանում է խաղալ և էական ազդեցություն ունենալ այն ակումբի արդյունքների վրա, որտեղ կշարունակի կարիերան։ Ավելի վաղ նույնպես հաղորդվում էր, որ կողմերը դադարեցրել են նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։
37-ամյա Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։