Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը դեմ է արտահայտվել Ժոզե Մուրինյուի՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձին։
«Մուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, նա ինձ համար բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետ է։ Պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»։ Կարծում եմ՝ այլ մարզիչներ շատ ավելի լավ կաշխատեին իմ երազանքների ակումբում։ Սա լոկ իմ անձնական կարծիքն է և ուրիշ ոչինչ», – գրել է Կասիլյասը X սոցիալական ցանցի իր էջում։
Կասիլյասի հայտարարությունը հնչում է մամուլում ակտիվորեն շրջանառվող այն լուրերի ֆոնին, համաձայն որոնց՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Մուրինյուին դիտարկում է որպես թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային փոխարինողի գլխավոր թեկնածու։
Կասիլյասը «Ռեալի» կազմում հանդես է եկել Մուրինյուի գլխավորությամբ 2010-ից 2013 թվականներին։ Ներկայումս պորտուգալացի մարզիչը գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»։