Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է դատի տալ ամերիկյան The New York Times (NYT) թերթին՝ պաղեստինցիների մասին հոդվածի պատճառով։ Այս մասին հաղորդվում է հրեական պետության վարչապետի գրասենյակի կայքում։
«Նեթանյահուն և արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հանձնարարել են դատական հայց ներկայացնել New York Times թերթի դեմ՝ երբևէ հրապարակված ամենասարսափելի և խեղաթյուրված կեղծ հոդվածներից մեկի հրապարակման համար», — ասվում է հրապարակման մեջ։
Գրասենյակում ընդգծել են, որ խոսքը NYT-ի լրագրող Նիկոլաս Քրիստոֆի հրապարակման մասին է։
Նրա հեղինակած վերջին նյութը հրապարակվել է մայիսի 11-ին։ The Silence That Meets the Rape of Palestinians սյունակում Քրիստոֆը պատմում է Իսրայելում պաղեստինցի կալանավորների նկատմամբ համակարգված սեռական բռնության մասին։
Նա պնդում է, որ 14 պաղեստինցի տղամարդ և կին իրեն պատմել են զինվորականների, բանտի պահակների, հատուկ ծառայությունների աշխատակիցների և բնակավայրերի վերաբնակների կողմից իրականացված սեռական խոշտանգումների մասին։ Նրա խոսքով՝ այդ վկայությունների մի մասը հաստատվում է հարազատների, փաստաբանների և այլ ականատեսների կողմից։