Նախկինները մերժեցին, նորերը վերադարձրին․ Սահակ Հարությունյանը՝ կոռուպցիոն սկանդալների ստվերում

Նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն պատմությունների ֆոնին պաշտոնանկ արված պաշտոնյաների վերադարձը համակարգ վաղուց արդեն դադարել է բացառություն լինել։ Ընդհակառակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիներին նման կադրերի վերանշանակումները դարձել են քաղաքական վարքագծի մաս։

Հենց այդպիսի պատմություններից է Սահակ Հարությունյանի դեպքը։ Նա Երևանի քաղաքապետարանի և տարբեր վարչական շրջանների աշխատակազմներում պաշտոններ է զբաղեցրել ինչպես նախկին իշխանությունների տարիներին, այնպես էլ 2018-ից հետո՝ հետհեղափոխական շրջանում։

Սահակ Հարությունյանը պաշտոնավարման տարբեր փուլերում հեռացվել է համակարգից, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել և վերանշանակվել տարբեր պաշտոններում։ Իշխանափոխությունից առաջ վերջին պաշտոնը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ (2012-2016 թթ.)։ Նա այս պաշտոնից ազատվել է կոռուպցիոն սկանդալի ֆոնին, սակայն հետագայում կրկին հայտնվել համակարգում։

2019-2020 թթ․ հեղափոխական իշխանությունը աչք փակեց Հարությունյանի սկանդալներով լի գործունեության վրա և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունում վերջինիս նշանակեց որպես գլխավոր մասնագետ։ Սա այն դեպքում, երբ «հեղափոխությունից» հետո իշխանությունը խոստանում էր մաքրել պետական կառավարման համակարգը նախկին կոռուպցիոն կապերից ու ազդեցություններից։

2020-ից հետո Հարությունյանի կարիերայի մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ։ Սակայն չի բացառվում, որ նա այսօր ավելի բաձր պաշտոն է զբաղեցնում, քանի որ ՀՀ-ում համակարգի ներկայացուցիչները ոչ միայն չեն անհետանում, այլև քաղաքական վերադասավորումների արդյունքում շարունակում են պահպանել իրենց դիրքն ու ազդեցությունը։

Ուշագրավ են մամուլի հրապարակումները Սահակ Հարությունյանի գույքային գործարքների վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ տեղեկությունների, նա 2016 թվականին վաճառել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող շուրջ 700 քմ հողատարածքը, ինչպես նաև Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող երկհարկանի շինությունը։ Այդ հրապարակումները ժամանակին հարցեր էին առաջացրել պաշտոնյայի ունեցվածքի և ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնից հեռացվելուց հետո լուրեր տարածվեցին, որ Սահակ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ տվել նրանց, որոնց չէր հասնում։ Ըստ այդ օրերի մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը 1500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց, «չէր նկատել» Գայի պողոտայի հարակից տարածքում գտնվող ապօրինի շինարարությունը։

Հանրության սպասումն այն էր, որ կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված պաշտոնյաները կպատժվեն, այնինչ՝ նման անձանց մի մասը պետական կառավարման համակարգում շարունակում է իր գործունեությունը, կարծես՝ բոլոր կասկածները փարատվել են, կամ վաղեմության ժամկետը լրացել է։

Սահակ Հարությունյանի պատմությունը հանրային խոսույթում կրկին հիշվեց օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Նոր Նորքի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ձերբակալվածներից մեկը Նոր Նորքի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետն է։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *