Ռուսաստանը անօդաչու սարքերով և հրթիռներով համակցված հարված է հասցրել Կիևին: Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի շրջանում ավերվել է բնակելի շենքի մի ամբողջ հատված: Փրկարարների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա:
Տուժել է առնվազն 47 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Իշխանությունները հայտնում են, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Չորեքշաբթի ցերեկը տեղի ունեցած անօդաչուների զանգվածային հարվածներից հետո, հինգշաբթի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 600 անօդաչու սարք և 56 հրթիռ՝ ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հաշվարկների: Հարձակման հիմնական թիրախը եղել է Կիևը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաքում ավերածություններ կան 20 վայրերում, ներառյալ՝ դպրոց, անասնաբուժական կլինիկա և բնակելի շենքեր: «Սա հաստատ նրանց գործողությունները չեն, ովքեր կարծում են, թե պատերազմը մոտենում է ավարտին: Կարևոր է, որ գործընկերները չլռեն այս հարվածի մասին»,- ասել է Զելենսկին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է հեռահար զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով: Գերատեսչությունը պնդում է, որ հարվածները հասցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական օդանավակայաններին և «վառելիքային ու տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին»: