

Մարտի 22-ին աշխարհը նշեց Ջրի համաշխարհային օրը։ 2026 թվականի թեման է «Ջուր և գենդեր»։ Այս ուղերձն արդիական է 2026 թվականին, որը հայտարարվել է որպես կին ֆերմերների միջազգային տարի՝ ընդգծելով նրանց կարևոր դերը աշխարհում ագրոպարենային համակարգերում։
«Ջուր և գենդեր․ կանայք առաջատար դեր ունեն ջրային ճգնաժամի հաղթահարման գործում։ Որտեղ ջուրն է հոսում, այնտեղ հավասարությունն է աճում», – օրվա կապակցությամբ նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։
Ըստ FAO-ի՝ ջուրը հիմնարար նշանակություն ունի պարենի արտադրության, առողջության պահպանման, կենսամիջոցների ապահովման և էկոհամակարգերի պահպանության համար։ Սակայն ոչ բոլորն ունեն հավասար հասանելիություն ջրին կամ ջրօգտագործման իրավունքներ։ Կանայք և աղջիկները, հատկապես գյուղական համայնքներում, բախվում են լուրջ խոչընդոտների ջրային ռեսուրսներին հասանելիության, դրանց կառավարման և դրանցից օգուտ ստանալու հարցում։
«Այս անհավասարության վերացումն առաջնահերթ նշանակություն ունի ջրային և պարենային անվտանգության, ինչպես նաև կայուն զարգացման ապահովման համար։ Կանայք կարևոր դեր են խաղում լուծումների որոնման գործում: Շատ գյուղական տարածքներում կանայք և աղջիկներն առանցքային դեր ունեն գյուղատնտեսական արտադրության և ջրային ռեսուրսների կառավարման մեջ՝ ներառյալ ոռոգման, անասնապահության և կենցաղային ջրի օգտագործումը։ Սակայն հաճախ նրանց իրավունքները ջրի և հողի նկատմամբ սահմանափակ են։ Այս անհավասարությունն ունի սոցիալական և տնտեսական հետևանքներ։ 2023 թվականին գյուղատնտեսությունում վարձու աշխատող կանայք միջինում վաստակել են 18.4 տոկոսով պակաս, քան տղամարդիկ, ինչն արտացոլում է ռեսուրսների, ծառայությունների և հնարավորությունների հասանելիության մեջ առկա անհավասարությունը։ Կլիմայի փոփոխությունն ավելի է խորացնում այս խնդիրը․ երբ ջրային ռեսուրսները դառնում են ավելի սակավ, աղտոտված կամ անկայուն, կանայք սովորաբար բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ջրի հավաքման ավելի երկար ժամանակը, գյուղատնտեսական արտադրողականության նվազումը և եկամուտների զգալի կորուստը։ Կանայք պետք է ձևավորեն ջրային ռեսուրսների ապագան։ Գյուղատնտեսության մեջ ջրային ռեսուրսների կառավարման գենդերային հավասարության խթանումը ոչ միայն իրավունքների պաշտպանության հարց է, այլև զարգացման հնարավորությունների ընդլայնում՝ ջրային և պարենային անվտանգություն ապահովելու համար բոլորի համար», – նշում է FAO-ն։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 1 միլիարդ կին՝ բոլոր կանանց ավելի քան քառորդը (27.1%), չունեն անվտանգ խմելու ջրամատակարարման ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Մոտ 1.8 միլիարդ մարդ դեռևս չունի տնից ոչ հեռու խմելու ջրի հասանելիություն, և երեքից երկու տնային տնտեսություններում ջրի հավաքման հիմնական պատասխանատուները կանայք են։ 53 երկրների տվյալները ցույց են տալիս, որ կանայք և աղջիկներն օրական ծախսում են 250 միլիոն ժամ ջուր հավաքելու վրա, ինչն ավելի քան երեք անգամ գերազանցում է տղամարդկանց և տղաների ծախսած ժամանակը։ Ամբողջ աշխարհում անվտանգ ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի բացակայության պատճառով ամեն օր մահանում է մոտ 1000՝ մինչև 5 տարեկան երեխա։
Հայաստանը ևս բախվում է ջրային ռեսուրսների սակավության և աղտոտման խնդիրներին և կլիմայի փոփոխության մարտահրավերներին։
Վատատեսական սցենարի դեպքում մինչև 2100թ-ը կանխատեսվում է գետային հոսքի նվազում մինչև 39%: Գետերի հոսքի 25% կրճատումը կհանգեցնի ոռոգվող հողատարածքների արտադրողականության կրճատման մոտ 24%-ով:
Գետերի հոսքը, ըստ կանխատեսումների, մինչև 2040թ․ կնվազի միջին նկատմամբ 14 տոկոսով, մինչև 2070թ․՝ 28%, մինչև 2100թ․՝ 39%։ Գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով կամ 265 միլիոն խմ-ով բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ․) նկատմամբ:
Մարտ 23, 2026 at 15:19