Մարդու իրավունքների նոր պաշտպան Ռուսաստանում


Մամուլ


ՌԴ Պետդուման հաստատել է պատգամավոր Յանա Լանտրատովայի թեկնածությունը Ռուսաստանում մարդու իրավունքների լիազորի պաշտոնում։ Նա կփոխարինի Տատյանա Մոսկալկովային, որի լիազորությունների տասնամյա ժամկետը լրացել էր ապրիլի վերջին։ Իր կարիերայի սկզբում Լանտրատովան հայտնի դարձավ «պեդոֆիլների որսով», իսկ Ուկրաինայում պատերազմի ժամանակ նրան մեղադրեցին օկուպացված Խերսոնից երեխաների բռնի տեղահանման մեջ։

Օմբուդսմենի պաշտոնում Լանտրատովային առաջադրել էր «Արդար Ռուսաստան» խմբակցությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, որոշվել էր պաշտոնը թողնել այդ կուսակցության ներկայացուցչին (Մոսկալկովան նույնպես «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ էր)։

Կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի խոսքով՝ Լանտրատովայի ողջ կարիերան և կյանքի ուղին «վկայում են այն մասին, որ նրանից լավ ոչ ոք չի համապատասխանում այս պաշտոնին»։

Պետդումայի քննարկմանն էին ներկայացվել ևս երկու թեկնածություններ՝ զբոսաշրջության կոմիտեի անդամ Արտյոմ Պրոկոֆևը (ՌԴ Կոմկուսից) և սեփականության հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Իվան Սուխարևը (ՌԼԴԿ-ից)։

Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեն գլխավորող Լանտրատովան համարվում էր Մոսկալկովայի ամենահավանական հաջորդը։ Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ նրա թեկնածությանը սատարել է «Միասնական Ռուսաստանը»՝ Պետդումայի ամենամեծաքանակ խմբակցությունը։

Լանտրատովան, ով այժմ 37 տարեկան է, իր կարիերան սկսել է «Միասնական Ռուսաստանի երիտասարդ գվարդիայում» (ՄՌԵԳ/МГЕР) 2000-ականների վերջին՝ լինելով պատգամավոր Վիտալի Միլոնովի օգնականը (այն ժամանակ՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր):

Լինելով ՄՌԵԳ-ի ակտիվիստ՝ Լանտրատովան գլխավորում էր «Երեխաների իրավունքների խախտումների, մանկական պոռնոգրաֆիայի տարածման և պեդոֆիլիայի դեմ պայքարի մոնիտորինգային կենտրոնը»: Այս կենտրոնը մեղադրվում էր Մոսկվայի հատուկ (կորեկցիոն) գիշերօթիկ դպրոցի անչափահաս սաներին որպես «կենդանի խայծ» պեդոֆիլների որսի համար օգտագործելու մեջ, սակայն Լանտրատովան հերքում էր դեռահասների ներգրավումը նման գործելաոճերում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *