Մակրոնը Անկարայից Բաքվի պատճառով չի մերժում ստացել. «Թուրքիայի ձայն»

«AZfront» պորտալի տարածած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հարցում՝ իբր Բաքվի հետ խորհրդակցություններից հետո, չի համապատասխանում իրականությանը. հայտնում է «Թուրքիայի ձայն» թելեգրամյան ալիքը։

Ինչպես պնդում է ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին, Մակրոնի այցն իսկապես քննարկվել է և որոշակի փուլում նախնական համաձայնեցված է եղել։ Սակայն որոշումը վերանայվել է ամենևին ոչ Ադրբեջանի պատճառով և ոչ էլ Բաքվի հետ որևէ բանակցություններից հետո։

Պատճառը Մակրոնի ավելի վաղ արած հայտարարություններն են, թե Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հունաստանին՝ Աթենքի և Անկարայի միջև հնարավոր հակամարտության դեպքում։ Հենց այս արտահայտություններից հետո է թուրքական ղեկավարությունը հրաժարվել նման ձևաչափով այցի գաղափարից։

Աղբյուրը նաև ընդգծել է, որ Մակրոնի այցի թեման չի բարձրացվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում։

«Այսպիսով, իրավիճակը որպես Բաքվի ճնշման կամ միջամտության արդյունք ներկայացնելու փորձերը փաստացի հիմքեր չունեն»,- նշում է ալիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *