«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։
Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քաղաքական միջոցառումից հետո արձանագրվել են ենթադրյալ չարաշահումներ։ Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության՝ դպրոցների ղեկավարներն ու ուսուցիչները զանգերով պարտադրել են աշակերտների մասնակցությունը հավաքին, իսկ Ծաղկաշենի դպրոցի տնօրենը երեխաներին ազատել է դասերից և բաժանել ՔՊ-ի խորհրդանիշներով շապիկներ։
Նշվում է նաև, որ հավաքագրման գործընթացը համակարգել է Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հերքել է վարչական ճնշման մասին տեղեկությունները՝ նշելով, որ արձակուրդում է եղել, իսկ տնօրենների մասով ծառայողական քննություն է ընթանում։ Նա նաև հայտարարել է, թե ինքը նման տեղակալ չունի։ Այդպիսի անուն-ազգանունով փոխմարզպետ չկա մարզում։
Հիշեցնենք, որ Փարվանյանը, ով 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել էր Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, 2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել էր Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից։ Նրա անունը աղմկահարույց քրեական գործի հետ էր կապվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին:
Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ` ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։ Ընդ որում, այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է բուծել, որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին եւ հատկապես՝ Փաշինյանին: Նրանք նաեւ հավաստիացնում են, թե հունիսի 7-ին իբր Ռուսաստանից հատուկ գալու են՝ ՔՊ-ին ընտրելու։
Այս «հանճարեղ» գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․ նախ՝ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենեւին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել եւ երկրպագել» Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին-Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար:
Եվ երկրորդ. Տպավորություն գործեն, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միեւնույն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ իշխող կուսակցության նախընտրական բուկլետների մեծ մասը քաղաքացիներին տնետուն ընկած բաժանում են ոչ թե կուսակցականները, տրամաբանական կլիներ, որ մեծ երիտասարդական կառույց ունեցող ՔՊ-ն իր երիտասարդ անդամներին լծեր այդ գործին, այլ՝ շարքային քաղաքացիներ, որոնց համար դա վարձատրվող աշխատանք է: 1 շաբաթվա կամ 10 օրվա համար նրանք 200-250 հազար դրամ են ստանում` բուկլետ բաժանելու դիմաց։
Մեզ ասացին, որ ամենասկզբում ՔՊ-ականներին են հանձնարարել դա, սակայն մի քանի օր անց շատերը հրաժարվել են` քաղաքացիներից ստացած թուքումրից հետո։ Բայց ամենակարեւորը՝ բուկլետ բաժանողներին նաեւ վերակացուներ են կցվում, որոնք մուտքերում սպասում են, վերահսկում, որ բուկլետները տեղ հասցնեն։
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի առավել ընդգծված ջղաձիգ պահվածքը մի քանի խորքային պատճառ ունի: Առաջին պատճառն այն է, որ իր համար գնալով ավելի անմխիթարական են դառնում ներքին օգտագործման համար պաբերաբար արվող հարցումների արդյունքները:
Երկրորդ պատճառը վերաբերում է ընդդիմադիր հիմնական ուժերի պահվածքին: Ակնհայտ է, որ վերջիններս (խոսքը իրական ընդդիմադիրների մասին է) միմյանց նկատմամբ այլևս հանդես չեն գալիս, և բոլորն առանձինառանձին հետևողականորեն ու փաստարկված էլ ավելի են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ ցածր վարկանիշը:
Վերջապես երրորդ պատճառն այն է, որ, չնայած ողջ վարչական ռեսուրսի կիրառմանը, «շրջիկ խմբերին» հավաքների բերելուն, այդուամենայնիվ, իր նախընտրական «հանրահավաքներին» այդպես էլ մարդաքանակ չի ապահովվում: