Այս իշխանության քաղաքացիների «համար» արվող թերևս ամենասիրելի գործերից են ասֆալտապատման աշխատանքները։ Տարին 12 ամիս, ամենուր, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից մինչ հեռավոր գյուղեր ասֆալտապատման աշխատանքներ են։
Եվ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ առավոտից երեկո երեսով են տալիս քաղաքացիներին ու մարդկանց աչքը մտցնում իրենց կատարած ասֆալտապատման աշխատանքները, ընդ որում, նաև աշխատանքների մեծածավալ ու ընդգրկուն լինելը, ինչն իբրև թե նախկինում չի եղել։ Էստեղ է սակայն, որ մանիպուլյացիաների պարարտ հող է առկա իշխանությունների համար այս հարցում։
Այո’ նախկինում գուցե լայնածավալ չեն եղել աշխատանքները, բայց ինչի՞ հաշվին` որակով անելու։ Նախկինում ինչ֊որ հատված ասֆալտապատվում էր ու առնվազն մի քանի տարի կարելի էր ձեռք չտալ այդ հատվածին, ոչ հատվածական վերանորոգման, ոչ հիմնանորոգման կարիք չէր լինում։ Իսկ հիմա՞, հիմա նույն հատվածը կարող են տարին 2-3 անգամ «վերանորոգել», էնպես վերանորոգել, որ պարբերաբար դրա կարիքը լինի, իսկ հետո՞, իսկ հետո կարող ենք տեսնել, որ շատ չանցած այդ հատվածը հիմնանորոգման տակ է դրվում։
Անորակ ասֆալտապատման արդյունքում ասֆալտը շուտ է քայքայվում, առաջանում են փոսեր, երբեմն այդ փոսերի խորությունը քաղաքի տարբեր հատվածներում կարող է հասնել մինչև 15֊20սմ կամ ավելի
բազմաթիվ մեքենաներ են վնասվում սրա արդյունքում` ակի պայթելուց մինչ այլ վնասներ։ Իսկ ո՞վ է փոխհատուցում վարորդներին։ Այս հարցն իհարկե հռետորական է։ Իսկ եթե վարորդները պահանջատեր լինեն ու բոլորը դատի տան համապատասխան մարմիններին, վարորդներին, այո’ թերևս պակասում է պահանջատիրության զգացումն ու վճռականությունը, մեծավ մասամբ այն պատճռով, որ երկարաժամկետ կտրվածքով նյարդեր, ֆինանսական միջոցներ ու ժամանակ են ծախսելու։
Նկարներում Երևանի վարչական շրջաններից մեկի փողոցներ են, որտեղ 1֊1.5 ամիս առաջ էին ասֆալտապատում իրականացրել, իսկ դրան նույն հատվածում նախորդել էր մեկ այլ ասֆալտապատում, ընդամենը մի քանի ամիս առաջ` աշնանը։
Տարբեր կալիբրի իշխանականների փխրուն հոգին վիրավորվում է, երբ մարդիկ այս անորակ աշխատանքների ետևում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում (դեռ մի կողմ թողնենք տենդերներ շահողների ով լինելն ու կապերն այս կամ այն իշխանականի հետ)։
Ի՞նչ է սա եթե ոչ կոռուպցիոն սխեմա կամ ոչ կոմպետենտություն։ Այս 2 տարբերակից ոչ մեկն իշխանությունների օգտին չի, բայց դա վերջիններիս իհա’րկե չի հետաքրքրում, որովհետև նրանց խոսույթից կարելի է հասկանալ, որ կարծում են ինչ էլ անեն ցմահ է իրենց իշխանությունը։
Այս նկարներում օրինակ Նորքի գերեզմաններից դեպի Նոր Նորք տանող ճանապարհն է, որի դժոխային փոսերը վարորդներին նյարդայնացնում են արդեն ամիսներ շարունակ։
Փոսերից որոշներն ի վերջո լցվել են, բայց շատերն էլ դեռ իրենց տեղում են։
Այս կիսատ աշխատանքների զավեշտալի մասն այս նկարն է,
որտեղ հստակ երևում է, որ ասֆալտապատվել է, այնուհետև գծանշում է թարմացվել, բայց ընդամենն օրերի ընթացքում ասֆալտը քայքայվել֊ճաքճքել է, շարքից հանելով նաև գծանշումը։
Իսկ ահա այս հատվածը Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք֊Մարաշ տանող ճանապարհն
որով նաև Նոր Նորք կարելի է գնալ, այսինքն փաստացի կարող է ծառայել/ծառայում է որպես Մյասնիկյանին այլընտրանք, ինչի մասին և հարկ եղած դեպքում երևի հիշատակում են իշխանականները։ Սակայն այս ճանապարհը տարիներ շարունակ խայտառակ անմխիթար վիճակում է, վերջին 8 տարում իշխանական մի քանի քաղաքապետ ու մի քանի վարչական շրջանի ղեկավար է փոխվել, անփոփոխ է մնացել միայն արհամարհանքն այս ճանապարհի նկատմամբ, ճանապարհը կարծես գոյություն էլ չունի քարտեզներում, որոշ քաղաքացիներ իրենք են ժամանակ առ ժամանակ շեբեն, ավազ կամ պարզապես մանր քարեր լցնում փոսերի մեջ, օգտվելիս մեքենաներին հնարավորինս քիչ վնասելու համար, ինչն իհարկե լուծում չի, իսկ լուծումը տարիներ շարունակ «չի գտնվում»։
Դե իսկ ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո, ավարտուն տեսքով նկարներ վարչական շրջանները, քաղաքապետարաններն ու այլ շահագրգիռ մարմիններ հրապարակում են երբ ասֆալտապատումը թարմ է, օրինակ մի քանի ժամվա կամ մի քանի օրվա։ Պատկերը թերևս այլ, ավելի խայտառակ կլինի եթե հրապարակեն իրենց ասֆալտապատած վայրերը աշխատանքներից մի քանի շաբաթ անց։