Երևանի քաղաքապետարանի կողմից մերժվել է Իրանի քաղաքացի՝ Հոսսեյն Սոտուդե-Գանի կողմից հավաք անցկացնելու դիմումը։
«Տեղեկացնում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման կարգի դեմ ուղղված տեղի ունեցող իրադարձությունների մասին. Խնդրում եմ թույլ տալ ԻԻՀ դեսպանատան դիմացի այգում (Բուդաղյան 1 հասցե) ս/թ 16/05/2026 – ժամը 13:00-15:00 ընկած ժամանակահատվածում անցկացնել հավաք մասնակիցների քանակը նախատեսվում է մոտ 500 հոգի. Հավաքի ժամանակ կօգտագործվեն պաստառներ, ցուցանակներ, զոհված անձանց լուսանկարներ»,- նշված է դիմումում՝ հղում անելով ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածը, որը երաշխավորում է խաղաղ և առանց զենքի հավաքներ կազմակերպելու իրավունքը։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցչի սույն թվականի մայիսի 11-ի համապատասխան որոշման, արգելել է ԻԻՀ քաղաքացի Հոսսեյն Սոթուդեհ Գանի կողմից 2026 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմացի այգում հավաքի անցկացումը:

Այս համատեքստում առանցքային հարցադրումը հետևյալն է. արդյոք քաղաքապետարանի կիրառած սահմանափակումը բխե՞լ է ներքաղաքական կարգուկանոնի և անվտանգության գնահատումից, արդյոք այդ որոշումը եղե՞լ է ծայրահեղ անհրաժեշտ և համաչափ, թե՞ իշխանությունները պարզապես գնացել են իրավունքի հեշտ արգելափակման ճանապարհով։
Ո՞րն է եղել այն դրդապատճառը, որը գերակայել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների ազատության իրավունքին, և արդյոք արգելքի որոշումը չի ստեղծում վտանգավոր նախադեպ եղբայրական իրանցի ժողովրդի իրավունքների սահմանափակման տեսանկյունից:
Չի բացառվում, որ հավաքի արգելքն իրականում պայմանավորված է եղել արտաքին քաղաքական ազդեցություններով, ինչը կարող է դիտարկվել որպես վտանգավոր գեոպոլիտիկ որոշում։ Քաղաքական շրջանակներում արդեն հնչում են գնահատականներ, թե այդ քայլը կարող էր տեղավորվել նաև Դոնալդ Թրամփի վարչակազմին կամ արևմտյան քաղաքական ազդակներին հաճոյանալու տրամաբանության մեջ։
