
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական բոլոր, անխտիր բոլոր ուժերը, բացի երկուսից, որպես ծրագիր և ամենակարևորը` գաղափարախոսություն, առաջարկում են և հանդես են գալիս լափով:
Միայն լափով: Լափ ասելով` նկատի ունենք ստամոքսը: Ստամոքս ասելով` նկատի ունենք աշխատատեղ, թոշակ, լավագույն դեպքում նոր գնվելիք զենք, հարկերի նվազում, գյուղմթերքի մթերում և այլն: Ուժեր կան, որ անգամ դա չեն առաջարկում: Ոչինչ չեն առաջարկում: Միլիարդերորդ անգամ առաջարկում են երկրում բոլորին սիրելի մի բան` լավի հույս: Ու վաճառում են այդ հույսը: Այն էլ` անվճար:
Այսինքն` ամենապահանջված գաղափարը լափն է: Կա´մ էլ հենց գաղափարի բացակայությունը:
Երկու գաղափարականներից մեկը ԱԺԲ-ն է, որ գաղափարական հենք է առաջ բերում, ընդ որում` որակյալ հենք, բայց նաև զուգահեռաբար աղետալի ու հաճախ անթույլատրելի սխալներով ու նաև` խիստ կասկածելի որոշմամբ` մասնակցել այս ի վերուստ որոշված ընտրություններին վարկաբեկում է իր հենարան գաղափարը:
Գաղափարականության առաջնային հենքերից մեկը արտաքին քաղաքականությունն է: ԱԺԲ-ն Արևմուտք է առաջարկում Հայաստանին:
Երկրորդը ՔՊ-ն է, որ ամենաուժեղ գաղափարական հենքով է հանդես գալիս` այն է` Անգաղափարականության ու հայրենադավության գաղափարով:
Ու ամենապոպուլյարը հենց ՔՊ-ի գաղափարն է: ՔՊ-ն թիրախավորել է ու առաջարկում է հանրույթի գաղափարական իղձերն ու երազանքները, համապատասխանում է հանրույթին ու դուրս է եկել նրա ծոցից ու անմրցելի է անգամ 300.000 աշխատատեղ առաջարկողների համար, նամանավանդ, որ թոշակներ է բարձրացնում, ասֆալտ փռում և լափառաջարկման բացառիկ ու համաշխարհային չեմպիոն է:
ՔՊ-ն նաև գտել է արտաքին քաղաքական լավագույն լուծումը` գնալ նրա մոտ, ում նպատակն է այս երկրի ոչնչացումը: Որովհետև եթե ինքնակամ ես ոչնչանում, ապա այդ ոչնչացումը բռնի չէ, կամավոր է: Ու առաջարկվում է Թուրքիան: Բնականաբար` առաջնային ուղղությամբ` Ադրբեջան: Եվ ամենակարևորը, որ Թուրէիան և Ադրբեջանը վաճառվում են հանրույթին որպես Արևմուտք: Իսկ Ռուսաստան-Թուրէիա գործարքը հաջողելու համար ՔՊ-ն ներկայանում է որպես խիստ հակառուսական, խիստ արևմտամետ ու բացահայտորեն պրոադրբեջանական:
Դրա համար էլ հենց ՔՊ-ն է ամենաարդար կերպով հաղթելու այս ընտրություններում: Եվ նրանցից բացի ով էլ որ անցնի` գնալու է ԱԺ կա´մ ՔՊ-ին սպասարկելու, կա´մ էլ նրա մոտ ընդդիմություն աշխատելու: Եվ սա լինելու է Հայաստանի այս տեսքով վերջին ընտրությունը:
Օրհնվի´ այս ընտրությունը, որ վերջապես պատմական առումով ամեն բան իր տեղն է դնելու»: