Արման Թաթոյանը՝ Արմավիրում․ Մենք ֆերմերներին աջակցելու հստակ ծրագիր ենք նախատեսել

Այսօր Արմավիրում ամենագլխավոր հարցերից մեկը գյուղացիների պաշտպանվածության աստիճանի հարցն է։ Սրանք մարդիկ են, որոնք մշակում են հողը, որոնք իրենց ընտանիքներին ապահովում են ամենօրյա ծանր աշխատանքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Ըստ քաղաքական գործչի, այսօր այնպես է ստացվել, որ գյուղի բնակիչը գոյություն ունեցող համակարգի պատճառով ի սկզբանե պարտված է լինում։

«Եվ համակարգն ի սկզբանե անարդար է, որովհետև գյուղացին մշակում է բերքը, բայց, օրինակ, չգիտի, թե ինչ գնով է այն վաճառելու։

Նա մշակում է բերքը և չգիտի, թե ինչ արդյունք է ստանալու, իսկ եթե արդյունքը ստանալիս որակը վատ լինի, պետությունը կաջակցի՞ իրեն։

Պետությունը նրան չի աջակցում»,- ընդգծեց Թաթոյանը։

Ըստ Թաթոյանի, բերքի իրացման համար ֆերմերը սկսում է բարդ փնտրտուքներ՝ դիմում է խոշոր կազմակերպություններին, մերժում է ստանում նրանցից, նրանք էլ ներկայացնում են իրենց պատճառները։

«Բայց ի՞նչն է այստեղ կարևոր։ Պետությունը պետք է աջակցի գյուղացուն, որովհետև գյուղաբնակի աշխատանքն ու բերքը մեր անվտանգության բաղադրիչներն են։ Ես մտածում եմ՝ մենք Երևանում, քաղաքներում ի՞նչ ենք անելու, եթե չլինի գյուղացու աշխատանքը»,- ընդգծեց Թաթոյանը։

Հենց այդ պատճառով, ըստ նրա, ինչպիսի պետություն էլ կառուցվի, եթե ֆերմերի աշխատանքը բարձր գնահատականի չարժանանա, երկիրը չի կարողանա ապահովել իր իրական անվտանգությունը։

Նա նաև նշել է ոռոգման խնդրի լուծման կարևորությունը։

Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի գյուղերի բնակիչները ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունենան։

«Մենք նախատեսել ենք հստակ ծրագիր, հստակ քայլեր․ ոռոգման ջրի հետ կապված պետք է լինեն ընդամենը խորհրդանշական գումարներ, որովհետև ո՞րն է նպատակը։ Եթե դու գյուղացուն ջրով չես ապահովում, նա կրկին ամբողջ տարի տառապելու է և արդյունքում չի իմանալու, թե ինչ բերք կստանա»,- ընդգծել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդը։

Հենց այս նպատակով, ըստ Թաթոյանի, քաղաքական ուժը նախատեսել է, որ մինչև կես հեկտար հող ունեցող գյուղացիների համար ողջ սեզոնի ոռոգման ջուրը պետք է կազմի 500 դրամ, 1 հեկտար ունեցողների համար՝ 1000 դրամ, 2 հեկտար ունեցողների համար՝ 2 000 դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *