Քվե ստանալու համար ինչ ասես, որ չի անում Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 16-ին նա քարոզարշավի ընթացքում հանդիպեց վարորդական իրավունքից զրկված վարորդների հետ և առաջարկեց առանց քննության՝ վարորդական իրավունքի վկայական շնորհել նրանց։ Հավաքվածները գոհունակությամբ ու ծափահարություններով ընդունեցին վարչապետի առաջարկը՝ վանկարկելով՝ «Նիկոլ, վարչապե՜տ»։
Ի՞նչ վտանգ է պարունակում այս համաներումը։ Կարո՞ղ է այն խրախուսել անպատժելիությունը։ Եվ կարելի՞ է սա ընտրակաշառք որակել։
Ընդդիմախոսները պնդում են, որ անպատժելիությունը կավելացնի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որոնց հետևանքով 2025-ին զոհվել է 283 մարդ, 7073-ը՝ վնասվածքներ ստացել։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հաղորդել էր, որ միայն 2025-ին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ։ Միաժամանակ արձանագրվել է վարորդական իրավունքից զրկվածների կողմից մեքենա վարելու 9466 դեպք, ընդ որում՝ այդ դեպքերը վերջին հինգ տարիներին գրեթե քառապատկվել են։ Այս պատկերը ցույց է տալիս, որ բազմաթիվ մարդիկ չեն հարգում օրենքը, առանց վարորդականի են վարում ու տուգանվում դրա համար։ Իսկ այս համաներման արդյունքում օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ավելի կտարածվի։ Իսկ եթե օրինապահ վարորդները ևս արհամարհեն օրենքն ու կարգը, ապա փողոցներում ամեն մետրի վրա խնդիրներ կլինեն։
Վարորդական իրավունքից զրկում են լուրջ խախտում կատարելու համար։ Օրենքի տրամաբանությունից ելնելով՝ իրավունքից զրկում են հանրային անվտանգության համար, որ օրինախախտում կատարած վարորդը ժողովրդին մեծ վնաս չտա։ Փաշինյանի առաջարկն այս տրամաբանության դեմ է, ուղղակի արժեզրկում է օրենքն ու անուղղակի խրախուսում օրինախախտում անելը։
Մյուս կողմից՝ սա շատ նման է ընտրակաշառքի և մի շարք հարցեր է առաջացնում։ Վերջին ամիսներին վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ ցույցեր էին անում Կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով վերականգնել իրենց վկայականները։ Ինչո՞ւ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ առաջարկեցին ներում կիրառել։ Եթե իրոք ուզում էին խեղճ վարորդներին օգնել, ապա ինչո՞ւ էին այսքան սպասում, զրկված պահում։ Ընտրությունների՞ն էին սպասում։
Ողջամիտ կասկած է առաջացնում, որ Փաշինյանն այս առաջարկն արել է նախընտրական տրամաբանությամբ՝ ակնկալելով, որ վարորդներն իր առաջարկին ի պատասխան միասնաբար կգոռան՝ «Նիկոլ՝ վարչապե՜տ»։ Չի բացառվում, որ նրանցից ոմանք, երախտագիտությունից ելնելով՝ հունիսի 7-ին կքվեարկեն ՔՊ-ի օգտին։ Սա ընտրակաշառք չէ՞։
Եթե գնահատենք, թե համաներման արդյունքում ինչ են շահում իրավունքից զրկված վարորդները, ապա ենթադրելի է, որ նրանց մի մասը կընտրի Փաշինյանին ի նշան շնորհակալության։ Իսկ Փաշինյանի ամենամեծ ակնկալիքն այսօր ընտրողի քվեն է, որը ստանալու համար է նա արձակուրդ վերցրել ու առավոտից երեկո փողոցն ընկած քարոզարշավ անում։
Պարզ չէ, թե ինչո՞ւ են առանձնացվել իրավունքից զրկված վարորդները։ Օրենք խախտած բազմաթիվ մարդիկ կան, բանտերը լիքն են կալանավորներով, բազմաթիվ մարդիկ վճռի են սպասում։ Նրանց մեծ մասը ևս համաներման կարոտ են։ Նրանք ինչո՞վ են պակաս իրավունքից զրկված վարորդներից։ Ինչո՞ւ Փաշինյանը օրինազանց ու կարգազանց վարորդներին ներում է, իսկ մյուս օրինազանցներին՝ ոչ։ Միայն ներված վարորդնե՞րն են Փաշինյանին ընտրելու։ Մյուս օրենքները խախտող քաղաքացիները նրա ընտրողները չե՞ն։ Այս առումով՝ վարորդների համաներումը հատվածական է, և այն մարդասիրություն որակել հնարավոր չէ, քանի որ հումանիզմը խտրական մոտեցում չի հանդուրժում։ Ա՛յ, եթե ընդհանուր համաներում կիրառվեր, որի մեջ կմտնեին նաև իրավունքից զրկված վարորդները, այդ ժամանակ կարելի էր ասել, որ Փաշինյանը մարդասիրական քայլ արեց։ Իսկ եթե նա փակի բոլոր բանտերը, ապա իր անունը կգրվի մեծագույն մարդասերների կողքին։
Կարճ ասած՝ Փաշինյանի այս առաջարկը ռիսկային է, քանի որ օրինահարգ վարորդները կարող են երես թեքել Փաշինյանից։ Եթե այդպես լինի, ապա ՔՊ-ն կշահի մի քանի հազար կարգազանց վարորդների քվեները, բայց կկորցնի տասնյակ հազարավոր կարգապահների ձայները։ Արդյունքում նա հունիսի 7-ին կարող է պարտվել ու դառնալ ընդդիմություն։ Իսկ գուցե Փաշինյանը կարծում է, թե բոլո՞ր վարորդներն են կարգազանց ու բոլո՞րն էլ իրեն են ընտրելու, այդ թվում՝ «Օփելով համբալները»։
Թաթուլ Մկրտչյան