Մերձավոր Արևելքի երկրները, հատկապես ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն վերջին իրադարձություններից և գիտակցեն, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այս կարծիքն է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Տարածաշրջանի երկրները, հատկապես ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն վերջին երկու-երեք ամիսների իրադարձություններից, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) ռազմական ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգության ապահովմանը, այլև լուրջ սպառնալիք է ներկայացնում այդ երկրների զարգացման և տնտեսական բարեկեցության համար», – նշել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Բաղային ընդգծել է, որ Իրանը վճռականորեն բողոքում է Մերձավորարևելյան պետությունների կողմից իրենց տարածքը «ագրեսորների տրամադրության տակ դնելու» դեմ և կոչ է անում հարևաններին չտրվել Իսլամական Հանրապետության հակառակորդների ազդեցությանը, քանի որ նրանք «ձգտում են տարաձայնություններ սերմանել տարածաշրջանի երկրների միջև»։