Մալթայի կառավարությունը համաձայնագիր է կնքել ամերիկյան OpenAI ընկերության հետ, ըստ որի երկրի բոլոր բնակիչները կարող են անվճար հասանելիություն սռանալ ChatGPT ծառայությանը, գրում է Reuters-ը։ «Մալթան առաջին երկիրն է, որը գործարկել է այսպիսի մասշտաբի գործընկերություն, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ մեր քաղաքացիները հետ մնան թվային դարաշրջանում։ Մենք մեր մարդկանց դնում ենք գլոբալ փոփոխությունների առաջնագծում», — գործարքը մեկնաբանել է երկրի էկոնոմիկայի, ձեռնարկատիրության և ռազմավարական նախագծերի նախարար Սիլվիո Շեմբրին։ Նա հավելել է, որ այս կերպ Մալթայի իշխանությունները մտադիր են քաղաքացիների համար «անսովոր թվացող գաղափարը վերածել գործնական օգնության»։
«Արհեստական բանականություն բոլորի համար» անվանումով ծրագրի առաջին փուլը կմեկնարկի արդեն մայիսին։ Անվճար բաժանորդագրությունների հասանելիությունը կվերահսկի Մալթայի թվային նորարարությունների վարչությունը։ Տարվա ընթացքում ChatGPT Plus-ի առաջադեմ տարբերակից անվճար օգտվելու հնարավորությունը ստանալու համար անհրաժեշտ կլինի դիմում ներկայացնել և անցնել Մալթայի համալսարանի մշակած AI for All հատուկ առցանց դասընթացը։ Ծրագիրը հասանելի կլինի նաև արտերկրում բնակվող երկրի քաղաքացիներին։ OpenAI-ն չի բացահայտել համաձայնագրի ֆինանսական մանրամասները։ ChatGPT Plus-ի բաժանորդագրությունն արժե ամսական 20 դոլար։ Մալթայում բնակվում է 574,2 հազար մարդ։
«Մալթան վառ օրինակ է ծառայում այն բանի համար, թե ինչպես պետությունները կարող են իրենց քաղաքացիներին հնարավորություն տալ օգուտ քաղել արհեստական բանականության տրանսֆորմացիոն պոտենցիալից»,- նշել է «OpenAI for Countries» ուղղության ղեկավար Ջորջ Օսբորնը։ 2025 թվականի սեպտեմբերին OpenAI-ը հայտարարել է նաև Հունաստանի կառավարության հետ գործընկերության մասին, որտեղ նախատեսվում է ԱԲ տեխնոլոգիա ներդնել միջնակարգ դպրոցներում և ստարտափներում։
Նույն ժամանակ Anthropic ընկերությունը հայտարարել է մի նախագծի մասին, որը Իսլանդիայի բոլոր ուսուցիչներին հասանելիություն կտրամադրի իր Claude AI օգնականին՝ դասերի պլանավորման, ուսումնական նյութերի պատրաստման և վարչական առաջադրանքների կատարման գործում աջակցելու համար։ Դրանից առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Anthropic-ի հետ՝ պետական առցանց ծառայությունների հետ քաղաքացիների փոխգործակցությունը բարելավելու նպատակով։