BMW ընկերությունը ներկայացրել է նոր Alpina կոնցեպտային մոդելը, որն առանձնանում է շքեղ դիզայնով և բյուրեղապակյա ինտերիերի տարրերով։
Ավտոմեքենայի թափքը ստեղծված է կուպեատիպ ուրվագծով՝ երկար կապոտով և ցածր նստեցմամբ՝ GT (Gran Tourer) դասի ոճաբանությամբ։ Մոդելը նախատեսված է չորս ուղևորի համար։
Դիզայներական հիմնական առանձնահատկություններից են վերաիմաստավորված «շնաձկան քիթ» տեսքով ռադիատորի ճաղավանդակը, 20 ճաղաշարով անվահեծերը և արդիականացված դեկորատիվ գծերը։ Ընկերությունում նշում են, որ ոճը ոգեշնչված է դասական Alpina և BMW 507 մոդելներից։
Կոնցեպտում տեղադրված է V8 շարժիչ, որը, ենթադրաբար, BMW-ի ներկայիս 4,4 լիտրանոց twin-turbo շարժիչի արդիականացված տարբերակն է, ինչպես օրինակ BMW M5 մոդելում։
Ըստ BMW-ի՝ մոդելի գաղափարախոսությունը հիմնված է Alpina-ի երեք հիմնական սկզբունքների վրա՝ արագություն, հարմարավետություն և նրբաճաշակություն։ Պահպանվել է նաև Comfort+ ֆիրմային ռեժիմը, որն ավելի մեղմ կարգավորումներ է առաջարկում՝ համեմատած BMW-ի ստանդարտ ռեժիմների հետ։
Ինտերիերի հիմնական առանձնահատկությունները ներառում են՝
▪️ մինիմալիստական և լակոնիկ դիզայն,
▪️ կառավարման սենսորային էկրաններ,
▪️ բյուրեղապակյա կառավարման տարրեր,
▪️ Alpina-ի ֆիրմային գրաֆիկական ձևավորում։
Առաջին սերիական BMW Alpina ավտոմեքենան նախատեսվում է ներկայացնել հաջորդ տարի։ Այն կստեղծվի BMW 7 Series մոդելի հիման վրա։



