Ռուսաստանն ու Չինաստանը շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն Պուտինի այցի ընթացքում. Ուշակով

Ռուսաստանն ու Չինաստանը շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Ռուսաստանի նախագահին կուղեկցեն հինգ փոխվարչապետ, ութ նախարար, Կենտրոնական բանկի և մի շարք պետական կորպորացիաների ղեկավարներ, տարածաշրջանների ղեկավարներ, ինչպես նաև մի քանի համալսարանների ղեկավարներ։

«Բանակցությունների ավարտին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս պահին դրանք շուրջ 40-ն են։ 21 փաստաթուղթ համաձայնեցված է այնպես, որ ստորագրվելու է առաջնորդների ներկայությամբ, իսկ մնացածի մասին պարզապես կհայտարարվի արարողության ժամանակ»,- ասել է Ուշակովը։

Նա նաև հայտնել է, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է լինելու։ Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի հետ կքննարկի առևտրին վերաբերող հարցեր։ Բացի այդ, ՌԴ-ն և ՉԺՀ-ն աշխատում են չինական շուկա ռուսական գյուղմթերքի մուտքի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Հարաբերությունների բնույթը համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցություն է։ Ընդ որում՝ ՌԴ և ՉԺՀ արտահանման ու ներմուծման գրեթե բոլոր գործառնություններն իրականացվում են ռուբլով և յուանով։ Նրա խոսքով՝ սա լավ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինեն հարևան պետությունների կապերը։ Դրան զուգահեռ, արտաքին քաղաքական դիրքորոշումները մեծապես համընկնում են, շատ հարցերում՝ 100%-ով։

«Ռուսաստանն ու Չինաստանը ընկերություն չեն անում ընդդեմ ինչ-որ մեկի, այլ աշխատում են հանուն խաղաղության և բարգավաճման»,- հայտարարել է Ուշակովը։

Նա նշել է, որ Չինաստանի օդանավակայանում Պուտինին կդիմավորի ՉԺՀ արտգործնախարար Վան Ին։ Պատվո պահակախմբի վաշտի մասնակցությամբ հանդիսավոր արարողությունից հետո Պուտինը կուղևորվի «Դյաոյույտայ» պետական նստավայր։ Երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ ռուս-չինական բանակցությունները սպասվում են մայիսի 20-ին։ Ծրագիրը կսկսվի առավոտյան՝ Պեկինի կենտրոնական հրապարակում Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական դիմավորման արարողությամբ։

Ուշակովի խոսքով՝ աշխատանքային ծրագրի եզրափակիչ կետը կլինի մայիսի 20-ին Պուտինի զրույցը ՉԺՀ նախագահի հետ թեյի սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ հանդիպմանը յուրաքանչյուր կողմից պատվիրակության չորսական անդամ է հրավիրված։ Մոսկվայում հույս ունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցերի ժամանակ արդեն ավանդական դարձած թեյախմությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ կտևի «որքան հնարավոր է երկար». շփման նման ձևաչափը առաջնորդներին թույլ է տալիս վստահության մթնոլորտում և բարեկամաբար քննարկել ամենակարևոր հարցերը:

Նախագահի օգնականը նաև նշել է, որ ուղևորության նախապատրաստման ժամանակ գործընկերներից մի դիտարկում է լսել, թե Չինաստան են տանում կառավարության ղեկավարի բոլոր տեղակալներին՝ Մոսկվայում մենակ թողնելով վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ուշակովը վստահեցրել է` բոլորին ողջ և առողջ հետ կբերեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *