Թրամփը հայտարարել է, որ «պատրաստ չէ» Իրանին զիջումներ անել և զգուշացնում է մոտալուտ իրադարձությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «պատրաստ չէ» որևէ զիջման գնալ Թեհրանի նկատմամբ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում հերթական, իր խոսքերով՝ հուսախաբ անող իրանական պատասխանը ստանալուց հետո։

Միևնույն ժամանակ, Թրամփը տագնապալի զգուշացում է արել՝ հայտարարելով, թե Իրանը գիտի՝ «ինչ է շուտով տեղի ունենալու»։ The Post-ին տված կարճ հեռախոսային հարցազրույցում նախագահը փաստացիորեն փակել է դիվանագիտական երկխոսության շրջանակում կիրակի օրը ներկայացված Իրանի առաջարկի դուռը։

Ի պատասխան այն հարցին՝ արդյոք ուժի մե՞ջ է ուրբաթ օրն արված իր հայտարարությունը, որ ինքը պատրաստ կլիներ դիտարկել Իրանում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումը, Թրամփն ընդհատել է զրուցակցին. «Ես հիմա ոչ մի բանի համար բաց չեմ»։ Նախագահը հրաժարվել է մանրամասների մեջ խորանալ։

«Ես չեմ կարող խոսել դրա մասին։ Չափազանց շատ բան է կատարվում»,- ասել է նա։

Չինաստան կատարած այցից վերադառնալուց հետո Թրամփն, ըստ հաղորդումների, հանգստյան օրերն անցկացրել է Վիրջինիայի իր գոլֆ-առողջարանում, որտեղ հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ Իրանի հարցով հետագա քայլերը քննարկելու համար։ Նոր խորհրդակցություններ են սպասվում երեքշաբթի, քանի որ կոշտ գծի կողմնակիցները, ներառյալ սենատոր Լինդսի Գրեմը, կոչ են անում վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ փակուղի մտած դիվանագիտության ֆոնին։

Թրամփը հայտարարել է, որ «վրդովված» չէ Թեհրանի գործողություններից, սակայն հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն ընդունակ է «էլ ավելի մեծ վնաս հասցնել»։ «Կարող եմ ասել, որ նրանք ավելի քան երբևէ ուզում են գործարք կնքել, որովհետև գիտեն, թե ինչ է շուտով տեղի ունենալու»,- ասել է նա։

Անդրադառնալով տարածաշրջանային աղբյուրների այն հաղորդումներին, թե Իրանը փորձում է «ժամանակ շահել» Վաշինգտոնի նկատմամբ ինչպես միջուկային հարցում, այնպես էլ Հորմուզի նեղուցի բացման իրավիճակում, Թրամփը հայտարարել է, թե «դրա մասին չի լսել»։

«Սրանք բանակցություններ են։ Ես չեմ ուզում հիմար դրության մեջ հայտնվել»,- հավելել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *