ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է 1, 776 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամի ստեղծման մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի այն դաշնակիցներին փոխհատուցումներ վճարելու համար, որոնք պնդում են, թե նախորդ վարչակազմի կողմից անարդար հալածանքների զոհ են դարձել, հայտնում է CNN-ը:
Այս քայլն աննախադեպ է և փաստացիորեն հնարավորություն կտա նախագահի վարչակազմին միջոցները բաշխել իր վերահսկողության տակ գտնվող պետական գերատեսչության միջոցով՝ օգտագործելով հարկատուների փողերը։
Հիմնադրամի ստեղծումը համընկել է այն բանի հետ, երբ Թրամփը հրաժարվել է իր 10 միլիարդ դոլարի հայցից, որով նա ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը (IRS) մեղադրում էր իր հարկային հայտարարագրերի արտահոսքը չկանխելու մեջ։
Ընդ որում, ինքը՝ Թրամփը, որևէ վճարում չի ստանա, սակայն Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նրանից պաշտոնապես ներողություն կխնդրեն։
Այսպես կոչված «արդարադատության քաղաքականացման դեմ հիմնադրամը» (anti-weaponization fund), որի գումարը խորհրդանշական կերպով կազմում է 1,776 միլիարդ դոլար, ամենայն հավանականությամբ, անմիջապես կբախվի դեմոկրատների և իրավապաշտպան կազմակերպությունների դատական հայցերին։ Նրանք պնդում են, որ այս նախաձեռնությունը կարող է կոռուպցիոն պրակտիկա ծառայել, որը հնարավորություն է տալիս գումարներ վճարել նախագահի քաղաքական դաշնակիցներին՝ Բայդենի վարչակազմի կողմից «ապօրինի հետապնդումների» պատրվակով։
Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ «պետական ապարատը երբեք չպետք է օգտագործվի քաղաքացիների դեմ», և որ գերատեսչությունը մտադիր է «ուղղել անցյալի սխալները և կանխել դրանց կրկնությունը»։ Ըստ նրա՝ կստեղծվի օրինական մեխանիզմ, որը հնարավորություն կտա «քաղաքական դրդապատճառներով իրավակիրառման» զոհերին դիմումներ ներկայացնել փոխհատուցման համար։