Կիպրոսը «եվրոպական արձագանք» է ակնկալում ծովային իրավասությունների վերաբերյալ Թուրքիայի հնարավոր օրենքին

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը «եվրոպական արձագանք» է ակնկալում, եթե Թուրքիայի խորհրդարանն ընդունի ծովային իրավասության մասին պլանավորվող օրենքը, որը պետք է ամրագրի երկրի ծովային հավակնությունները Էգեյան և Միջերկրական ծովերում՝ ըստ «Երկնագույն հայրենիք» դոկտրինի, հայտնում է Cyprus Mail-ը։

Նրա խոսքերով՝ այս օրենքը շոշափում է ոչ միայն Կիպրոսի և Հունաստանի, այլև եվրոպական այլ պետությունների և նույնիսկ ԱՄՆ-ի շահերը, որոնք ներկայություն ունեն տարածաշրջանում։

«Դա վերաբերում է Կիպրոսին, վերաբերում է Հունաստանին, ինչպես նաև եվրոպական այլ պետությունների, բայց դա վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում»,- ասել է Քրիստոդուլիդեսը՝ հավելելով, որ այդ շահերը «հիմնված են միջազգային իրավունքի» և ՄԱԿ-ի 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի (UNCLOS) վրա։

Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Աթենք կատարած այցի ժամանակ այս հարցը քննարկել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, և որ թեման բարձրացվել է նաև եվրոպական առաջնորդների հետ շփումներում։

«Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Հուսով եմ, որ Թուրքիան որևէ անօրինական քայլի չի դիմի։ Եթե նման գործողություններ ձեռնարկվեն, արձագանքը պետք է լինի եվրոպական, և հենց այդ համատեքստում մենք [Միցոտակիսի] հետ համատեղ արդեն իսկ կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել»,- հայտարարել է նա։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք օրինագծի ընդունումը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ կիպրական կարգավորման շուրջ բանակցությունների վրա, նախագահը նշել է. «Դա դրական չէ, դա, անշուշտ, դրական չէ, հատկապես մի պահի, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [Անտոնիու Գուտերեշի] հովանու ներքո շատ կարևոր փորձ է արվում»։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ օրենքը «կսահմանի պարտականությունները մեր ծովային իրավասության գոտիներում և կվերացնի բացերը մեր ներքին օրենսդրության մեջ»՝ նշելով, որ փաստաթղթի շուրջ աշխատանքները մոտենում են ավարտին։

Թուրքական պետական TRT գործակալությունը հաղորդում էր, որ օրենքը պետք է ամրագրի բացառիկ տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆի սահմանները, որոնք Անկարան համարում է իր ծովային սահմանները։

Նշվում է նաև, որ օրենքը կազդի Էգեյան ծովի այն կղզիների, կղզյակների և ժայռերի իրավական կարգավիճակի վրա, որոնք Թուրքիայի և Հունաստանի միջև վեճերի առարկա են և թուրքական հռետորաբանության մեջ երբեմն անվանվում են «մոխրագույն գոտիներ»։

Հունաստանն ու Թուրքիան վաղուց են վիճում ծովային սահմանների շուրջ. Աթենքը համարում է, որ կղզիներն ունեն իրենց սեփական բացառիկ տնտեսական գոտիները, մինչդեռ Անկարան պնդում է հակառակը և իր սահմանագիծն անցկացնում է մայրցամաքային Հունաստանին ավելի մոտ։

Ակնկալվում է, որ օրինագիծը Թուրքիայի խորհրդարան կներկայացվի հունիսի սկզբին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *