Արարատի ավագանին նախնական համաձայնություն է տվել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին

Արարատի ավագանին  նախնական համաձայնություն է տվել  Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին

2026թ․ մարտի 13-ին Արարատ համայնքի ավագանին նախնական համաձայնություն է տվել «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին: Կողմ է քվեարկել ավագանու 11 անդամ։ Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։

Ավագանու այս որոշման համար հիմք է հանդիսացել 2026թ․ փետրվարի 27-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը։

Նշենք, որ մարտի 12-ին նախագծին դրական կարծիք են տվել Արարատ համայնքի ավագանու իրավական, սոցիալական, առողջապահության, խնամակալության և հոգեբարձության հարցերի մշտական գործող հանձնաժողովը և ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության հարցերի և շրջակա միջավայրի պահպանության մշտական գործող հանձնաժողովը։

Հանրային լսումների արձանագրության համաձայն՝ լսումներին մասնակցել են Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Քենդրիջյանը և Արմեն Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանը, «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության ներկայացուցիչները, նախագծող «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, լրագրողներ, բժիշկներ, բնակիչներ և այլոք։

«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ բնապահպանության և տեխնիկական անվտանգության գծով կառավարչի տեղակալ Ա․Գևորգյանը ներկայացրել է նախատեսվող գործունեության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման գործընթացը նոր չէ համայնքի համար, այն կիրառվել է 1996-1998թթ․ ֆաբրիկայի վերաբացման ժամանակ։

Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ պոչամբարի նոր բջիջը կառուցվելու է գործող պոչամբարի տարածքում։ «․․․Ջրանցքներից հեռու, պատնեշը նախատեսվում է ստեղծել ոսկի չպարունակող պոչերից, պատնեշի ընդհանուր բարձրությունը՝ 20 մ։ Տարածքը նախապատրատսվելու է, գրունտային ջրերի պահպանության համար նախատեսվում է դրենաժային համակարգ։ Պոչերի վրա նախատեսվում է ավազի շերտ, ապա գեոմեմբրան։ Ոսկի պարունակող պոչերը տեղափոխվում են խյուսապատրաստման տեղամաս, նոսրացվում մինչև 50 տոկոս, ապա մղվում հարստացուցիչ ֆաբրիկա։ Այս նախագիծը հնարավորություն կտա ունենալ 1,5 միլիոն տոննա/տարի պոչերի վերամշակման արտադրողականություն, մոտ 9 միլիոն տոննա պոչերի տեղադրման հնարավորություն և 5-6 տարվա աշխատանք»,- նշել է նա։

Համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը բարձրացրել է պատվարի ամրության հարցը, ինչին ի պատասխան՝ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ պոչերը տեղադրվելու են 2,5 մ բարձրությամբ շերտերով, յուրաքանչյուր շերտ գլանակվելու է, ապա տեղադրվելու է նոր շերտ։ «Կայունության հաշվարկ կատարվել է, վերցվել են պոչերի նմուշներ, կատարվել է համապատասխան անալիզ», – ասել է նա։

Ասլան Ավետիսյանը լսման ավարտին բնակիչներին տեղեկացրել է, որ տեխնոլոգիական ցիկլի փոփոխություն չի լինելու։ Նրա խոսքով՝ նախորդ հանդիպումների և քննարկումների ժամանակ համայնքի կողմից վերհանված հարցադրումները պահպանվելու են։ 

Մարտ 18, 2026 at 14:34

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *