«Հրապարակ»․ Ստացվում է, որ Փաշինյանը եւ՛ պատերազմ բերող է, եւ՛ ինքնասպանության հասցնող

«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովրդավարական բեւեռի ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արմինե Սախոյանն է:

– Նախընտրական թեժ քարոզարշավը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանի «աբսուրդի թատրոնն» օրեցօր ավելի է սաստկանում: Երկուշաբթի առավոտյան նա, բառի ամենաուղիղ իմաստով, հարձակվեց մի կնոջ վրա, որը հանդգնել էր իր դժգոհությունը հայտնել գործող վարչակարգից: Քաշում էր տարեց բժշկուհու ձեռքից, սպառնում էր, որ «կզըցնելու» է բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իր վարած քաղաքականությունից եւ ոչ ադեկվատ վարքագծից: Ի՞նչ գնահատական կտաք նախընտրական քարոզարշավին՝ հաշվի առնելով, թե ինչպիսի անհանդուրժողականությամբ է Փաշինյանը վերաբերվում ընդդիմադիր ուժերին:

– Փաշինյանն ամբողջ վարչական ռեսուրսն իրեն է ծառայեցնում: Ես հենց քիչ առաջ Փաշինյանի հետ ընդհարված տիկնոջ հարցազրույցն էի լսում: Նա պատմում էր, որ ինքը 30-40 տարի ապրում է այդ շենքում, այդ տարածքի մարդկանց լավ գիտի, եւ վստահեցնում էր, որ իրենց տարածքից ընդամենը տասը քաղաքացի էր մասնակցում քարոզարշավին, մնացյալին անխտիր բերել էին եւ դեռ շարունակում էին ավտոբուսներով բերել: Ես վստահում եմ այդ տիկնոջը, նա շատ համարձակ ու արժանապատիվ տիկին է: Ինչ վերաբերում է Փաշինյանի ցայտնոտային վիճակին, հունից դուրս գալուն, ապա այդ ամենը մեկ բանի մասին է վկայում` Նիկոլ Փաշինյանն ունի շատ ցածր վարկանիշ: Որքան էլ որ նա փորձում է ցույց տալ, թե իբրեւ ինքը մեծ վստահություն ու հարգանք է վայելում, իրականությունը լրիվ հակառակն է: Հենց մեր քարոզարշավները ցույց են տալիս, թե մարդիկ որքան շատ են իշխանությունից դժգոհ: Քայլում ենք փողոցներով, զրուցում ենք մարդկանց հետ, եւ շատ քչերն են, որ մեզ հետ չեն համաձայնում եւ անհամաձայնության նշան են ցույց տալիս: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ Փաշինյանի հեռացումը չունի այլընտրանք: Եթե մենք չենք ցանկանում, որ մեր ապագան կանխորոշի Իլհամ Ալիեւի կամակատարը, ապա հունիսի 7-ին Փաշինյանի հեռացումը պետք է այլընտրանք չունենա: Այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ Փաշինյանի թիրախում հայտնված կինն արտահայտեց արժանապատիվ հայ մարդու մտածմունքը, սրտի խոսքը: Այդ կնոջն արդեն իսկ սպառնում են: Նա աշխատում է պոլիկլինիկաներից մեկում, եւ միջադեպից հետո տնօրենը նրան ասել է, որ դիմում գրի եւ ազատվի աշխատանքից: Այս ամենը հերթական անգամ փաստում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը չի գործում: Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից, եւ տոտալ մեկ մարդու քմահաճույքին է թողնված ողջ իրավական համակարգը, այդ թվում` անվտանգության համակարգը: Երկրի համար մեկ մեղավորն ամեն օր սպառնում է մարդկանց: Նա է մեղավորը, որ մեր երկիրն այս վիճակում է հայտնվել, որ Արցախ է հանձնվել: Իրավապահ համակարգը փաստացի անտեսում է այդ ամենը՝ ենթարկվելով Ալիեւի կամակատարին:

– Նախօրեին մի քաղաքացու` ՔՊ-ի պաստառը պոկելու համար, ձերբակալել էին, ապա տարել էին հոգեբուժարան, որտեղ նա ինքնասպան է եղել: Երբվանի՞ց է պաստառ պոկելը դարձել քրեական հանցագործություն:

– Նախ, եթե մարդն ունի հոգեկան խնդիրներ, ապա պետք է պարզեին` հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ: Վերեւից քաղաքական պատվերներ են իջնում, դա ակնհայտ է, բայց գոնե այս պարագայում կարելի էր հաշվի առնել, որ անձն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ուստի պարտավոր էին ազատ արձակել, այլ ոչ թե հասցնել ինքնասպանության: Տեղի ունեցածն ուղղակի սարսափելի է եւ խիստ անազնիվ: Եթե ՔՊ-ի պաստառը պոկելու համար մարդուն կարող են ձերբակալել, ապա ինչո՞ւ, օրինակ, մանկապղծության սարսափելի դեպքն ամիսներ շարունակ կոծկվեց: Ինչո՞ւ այդ նույն իրավապահ համակարգը նման օպերատիվությամբ չէր գործում, երբ երեխաների դեմ նման հանցագործություն էր տեղի ունենում, այն պարագայում, որ այդ ամենի մասին իրավապահները տեղեկացված են եղել դեռեւս փետրվարից: Ինչպե՞ս է ստացվում, որ նման սոսկալի դեպքերը փորձում են կոծկել, իսկ ընդամենը մեկ պաստառ պոկելու համար մարդուն հասցնում են ինքնասպանության: Այստեղ տարբեր հարցեր են առաջ գալիս: Այդ ի՞նչ տեսակ ճնշումներ են գործադրել անձի նկատմամբ, որ մարդը դիմել է ինքնասպանության: Ստացվում է, որ Փաշինյանը ե՛ւ պատերազմ բերող է, ե՛ւ մարդկանց ինքնասպանության հասցնող, ե՛ւ հայ ազգին կործանող: Նա այս երկրի թիվ մեկ սպառնալիքն ու չարիքն է, որ կախվել է հայ ժողովրդի գլխին: Այս ձեւով մե՛կ Ալիեւն է հայ ազգին սպառնում, մե՛կ իր կամակատար Նիկոլ Փաշինյանը: Նրանց միջեւ չկա որեւէ տարբերություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *