Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 19-ից 21-ը «ագրեսիայի սպառնալիքի պայմաններում» միջուկային ուժերի կիրառման նախապատրաստական վարժանքներ են անցկացնում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունների հիմնական նպատակն է լինելու հակառակորդի զսպմանն ուղղված քայլերի մշակումն ու անձնակազմի պատրաստվածության մակարդակի ստուգումը։ Բացի այդ, մանևրների ընթացքում բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներ են նախատեսվում Ռուսաստանի տարածքում գտնվող հրաձգարանների ուղղությամբ, նշել են ռազմական գերատեսչությունից։
Վարժանքներին ներգրավված են Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ), Խաղաղօվկիանոսյան նավատորմը, Հյուսիսային նավատորմը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը, ինչպես նաև Լենինգրադի և Կենտրոնական ռազմական օկրուգների ուժերի մի մասը։ Ընդհանուր առմամբ մանևրներին կմասնակցեն ավելի քան 64 հազար զինծառայող և ավելի քան 7,8 հազար միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 200 հրթիռային արձակման կայան, ավելի քան 140 թռչող սարք, 73 վերգետնյա նավ և 13 սուզանավ (որոնցից ութը՝ ռազմավարական նշանակության հրթիռային սուզանավեր)։
Դրանից մեկ օր առաջ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զինամթերքի առաքման և դրանց կիրառմանը նախապատրաստվելու զորավարժությունների մեկնարկի մասին։ Բելառուսական ռազմական գերատեսչությունը նշել է, որ այս մանևրների նպատակն է բարձրացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակը, ստուգել սպառազինության, առաջադրանքների կատարման համար ռազմական ու հատուկ տեխնիկայի պատրաստությունը, ինչպես նաև «չնախատեսված շրջաններից մարտական կիրառման կազմակերպումը»։ Մինսկից հավաստիացրել են, որ այս միջոցառումներն ուղղված չեն երրորդ երկրների դեմ և սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը։
Դրանից մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Սարմատ» միջցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին, որը պետք է փոխարինի սպառազինության մեջ գտնվող ամենահին միջուկային հրթիռին՝ «Վոևոդային»։ Նա խոստացել է հրթիռային համալիրը մինչև 2026 թվականի վերջը մարտական հերթապահության դնել Կրասնոյարսկի երկրամասում։ Ընդ որում, Ռուսաստանի իշխանությունները «Սարմատի» սպառազինման անցնելու մասին խոսում են դեռ 2020 թվականից, իսկ ինքը՝ Պուտինը, մի քանի անգամ խոստացել է հրթիռը զորքերին հանձնել «մինչև տարեվերջ»։ «Սարմատի» հերթական փորձարկումներից հետո ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ռուսաստանը կշարունակի ուժ ցուցադրել ռազմավարական սպառազինությունների ոլորտում՝ արևմտյան «տաք գլուխներին հովացնելու» համար։