Իտալիայում զբոսաշրջիկը նետվել է Տրևիի շատրվանն ու լողացել․ նրան տուգանել են

Նորզելանդացի զբոսաշրջիկն առանձնացել է ընկերներից ու թռել Հռոմի Տրևիի շատրվանի մեջ․ գրում է The Telegraph-ը։

Ջինսե տաբատով, երկարաթև վերնաշապիկով, գուլպաներով և կոշիկներով՝ 30-ամյա տղամարդը լողացել է շատրվանի մեջ՝ անտեսելով ոստիկանության՝ ջրից դուրս գալու պահանջը։

Նրան ի վերջո տուգանել են 500 եվրոյի չափով և արգելել են վերադառնալ տարածք։

Միջադեպից հետո իտալացիները պահանջել են տուգանքների չափի ավելացում և անվտանգության ուժեղացում՝ վատ վարքագիծ դրսևորող զբոսաշրջիկներին զսպելու և տեսարժան վայրը պաշտպանելու համար։

Նշվում է, որ նույնիսկ վերջերս ներդրված պարտադիր մուտքի տոմսերի համակարգը չի կարողացել հետ պահել այցելուներին ոստիկանական հսկողությունն անտեսելուց և 18-րդ դարի բարոկկո ոճի հուշարձանի ջրերում ընկղմվելուց։

Նախորդ շաբաթ օրը տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ՝ բորբոքելով անվտանգային մտահոգությունները։ Շատրվանի մոտակայքում կռիվ է տեղի ունեցել Հռոմի երկու մրցակից հանցավոր խմբավորումների միջև․ բախման ժամանակ տարածքում գտնվող մարդիկ ապաստան են գտել մոտակա բարերում և սրճարաններում, իսկ 3 մարդ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղի ունեցած միջադեպերը մեծացրել են մտահոգությունները՝ արդյոք ներդրված անվտանգային միջոցառումները բավարար են ամեն տարի տեսարժան վայր այցելող միլիոնավոր զբոսաշրջիկներին պաշտպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *