Հայաստանը և Լիտվան դարձել են ռազմավարական գործընկերներ․ Արարատ Միրզոյան

Հայաստանն ու Լիտվան այս պահից սկսած հանդիսանում են ռազմավարական գործընկերներ, ինչը մեզ թույլ կտա ոչ միայն էապես խորացնել քաղաքական երկխոսությունը, այլև առավել համալիր և լայնածավալ կերպով մոտենալ ոլորտային համագործակցությանը։ Այս մասին մայիսի 19-ին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով Երևանում իր լիտվացի գործընկեր Կյաստուտիս Բուդրիսի այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս այցը խորապես խորհրդանշական է անվանել, քանի որ այն տեղի է ունենում երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի օրերին։ Միրզոյանը ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված փաստաթուղթը համագործակցությունը դուրս է բերում որակապես նոր մակարդակ՝ լայն հեռանկարներ բացելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում։ Հավելելով, որ այդ ոլորտներում Լիտվան ունի հարուստ փորձ, իսկ Հայաստանը՝ իր լուրջ ձեռքբերումները։

Նա նաև խորին երախտագիտություն է հայտնել Վիլնյուսին՝ Երևանին ցուցաբերած հետևողական ու հաստատակամ աջակցության համար ինչպես Հայաստան-ԵՄ երկխոսության շրջանակներում, այնպես էլ «Նորդիկ-Բալթիկ» ձևաչափի երկրների հետ համագործակցության տիրույթում։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ Հայաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով, որ Երևանի նախաձեռնությունները միշտ էլ ստացել և շարունակում են լիակատար աջակցություն ստանալ լիտվացի գործընկերների կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *