ԵՀ-ն չի բացառել Գրենլանդիային հավելյալ տասնյակ միլիոնավոր եվրոյի չափով գումարի հատկացումը․ Politico

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տարեվերջին կարող է այցելել Գրենլանդիա և հայտարարել կղզուն հավելյալ «տասնյակ միլիոնավոր եվրոներ» հատկացնելու մասին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Politico պարբերականը։

Ըստ այդ տվյալների՝ մայիսի 19-ին Գրենլանդիա կայցելի Միջազգային գործընկերության հարցերով եվրոպական կոմիսար Յոզեֆ Սիկելան։ Այնտեղ նա կհանդիպի Դանիայի կազմում ինքնավարություն ունեցող այս կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ, ինչը կարող է դիտարկվել որպես ԵՀ ղեկավարի այցի նախապատրաստություն։ Սիկելան կմասնակցի նաև Future Greenland գործարար համաժողովին։

Պարբերականը նշել է, որ այդ միջոցառմանը ներկա է լինելու նաև Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց, Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջեֆ Լենդրին, սակայն եվրոկոմիսարի հետ հանդիպում նախատեսված չէ։ Դրա հետ մեկտեղ՝ դանիացի մի շարք պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը «չի հրաժարվել այս տարածքը ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերցնելու մտքից», թեև վերջին շրջանում Գրենլանդիայի վերաբերյալ նրա հռետորաբանությունն ավելի զուսպ է դարձել։

Գրենլանդիան ինքնավար տարածքի կարգավիճակով մտնում է Դանիայի կազմի մեջ։ 1951 թվականին Վաշինգտոնն ու Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Դրա համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *